Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Ուիլսոն Ուիթցելը կորոնավիրուսով է վարակվել: «Ուզում եմ հայտնել, որ ուրբաթից ինձ այնքան էլ լավ չէի զգում: Խնդրեցի կատարել COVID-ի թեստ, եւ այսօր եկավ դրական պատասխան»,- իր Twitter-յան էջում նշել է քաղաքական գործիչը: Նահանգապետը հավելել է, որ շարունակելու է աշխատել իր նստավայրից՝ «պահպանելով սահմանափակումները եւ հետեւելով բժիշկների հանձնարարականներին»: «Վստահ եմ, որ կհաղթահարեմ նաեւ այս դժվարությունը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նշել է նա:
Նահանգապետը բնակիչներին խնդրել է մնալ տանը եւ պահպանել սոցիալական հեռավորությունը: «Հիվանդությունը տարբերակում չի դնում, վարակումն արագ է տարածվում»,- գրել է նա:
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել էր փետրվարի 26-ին Սան Պաուլուում: Ներկայումս երկրում հայտնաբերվել է վարակման 25,2 հազար դեպք, մահացել է ավելի քան 1,5 հազար մարդ:




























