«Իմ քայլը» իշխող դաշինքն առաջարկում է կերակրողին կորցնելու նպաստ ստացող ուսանողների տարիքային շեմը 26 դարձնել: Այս մասին ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջին ընթերցմամբ քննարկմանն ասաց օրինագծի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Ըստ նրա` գործող օրենսդրության համաձայն, բուհերում սովորող երեխաները կարող են կերակրողին կորցնելու նպաստ ստանալ մինչեւ 23 տարեկանը: Այս դրույթը, ինչպես նշեց խորհրդարանականը, հաստատվել էր նախորդ 10-ամյա կրթական համակարգի եւ միամակարդակ բարձրագույն կրթական համակարգի հիման վրա: Այժմ ուսանողները բուհերն ավարտում են ոչ թե 23 տարեկանում, ինչպես նախկինում էր, այլ շատ ավելի ուշ, քանի որ դպրոցական կրթությունը 12-ամյա է դարձել:
Նշենք, որ այս պահին Հայաստանում կա 21 տարեկան 5033 ուսանող, որոնք համապատասխանում են կառավարության կողմից սահմանված չափանիշներին, ինչպես նաեւ` 22 տարեկան 371 ուսանող եւ 23-ից բարձր տարիքի 66 ուսանող:





























