Այս իշխանությունը շարունակում է հաշտվողականության, նյութապաշտության այս վիճակը, որտեղ այն, ինչ որ թվում էր անհնար, կդառնա արդեն կատարված փաստ, կամ էլ մեր մեջ կգտնենք դիմադրողականության այդ բանականության ուժը, այդ հավաքական կամքը և թույլ չենք տա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Տիգրանաշենի հնարավոր հանձնմանը։
«Իսկ ընդհանրապես որպես քաղաքականություն, քանի դեռ Հայաստանի Հանրապետության, իրենց ասած միջազգային ճանաչված սահմանները վերականգնված չեն, օկուպացիայի տակ է Հայաստանի արդի Հանրապետությունը, քանի դեռ մենք ունենք գերիներ, պատանդներ Բաքվում և արդեն ցավոք սրտի, նաև Երևանում, մենք չենք կարող դիտարկել, որ սրանից հետո որևէ զիջում բերելու է խաղաղության։ Ցանկացած միակողմանի զիջում առանձին վերցված և դիտարկված նշանակում է Հայաստանի ոչ միայն պետականության գործանում, ազգային նվաստացում, այլ նշանակում է դեպի պատերազմ, դեպի խաղաղության հակառակը։
Դրա համար ես կարծում եմ, որ սա մեր բառապաշարից, մեր ազգային օրակարգից պիտի հանենք, և քանի դեռ մենք անբողջական չենք, քանի մենք անփորջովին ինքնիշխան չենք, քանի դեռ չենք նստել միջազգային դիվանագիտության սեղանին, որպես հավասար սուբյեկտ, այս սահմանազատումները լավ են, խնդրեմ, թող տեխնիկապես գնան, բայց քանի դեռ կա Արծվաշեն, քանի դեռ կան մնացած տարածքները Հայաստանի Հանրապետության, մեր գերիները, մեր իրավունքները, չի կարելի որևէ հարց առանձին վերցված դիտարկել, առավել ևս, որ Տիգրանաշենը Հայաստանի անբաժան մասն է»,–ասաց նա։





























