Գարեգին Բ Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս»-ից։

Գարեգին Բ Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը Երևանի քրեական դատարանն ընդդատության կարգով ստացել է սեպտեմբերի 1-ին և նույն օրը մակագրել Վահագն Մելիքյանին։ Նա արդեն երրորդ դատավորն է, որին մակագրվում է գործը։

Գործը նախ մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։ Վերջինս օգոստոսի 7-ին ինքնաբացարկ էր հայտնել՝ նշելով, որ մեղադրյալների պաշտպան Արա Զոհրաբյանը նախկինում ընդունել է իր բանավոր քննությունը, որի արդյունքում ինքը փաստաբանական գործունեության արտոնագիր է ստացել։

Այնուհետև գործը մակագրվել էր դատավոր Սերժ Ռուշանյանին։ Նա օգոստոսի 28-ին որոշել էր գործն ըստ տարածքային ընդդատության փոխանցել Երևանի քրեական դատարան՝ արձանագրելով, որ Գարեգին Բ-ին ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրությունում ենթադրյալ արարքի կատարման վայրը նշված չէ, իսկ մինչդատական վարույթն իրականացրած մարմնի նստավայրը գտնվում է Երևանում։

Գարեգին Բ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք՝ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելը։ Նույն մեղադրանքն առաջադրված է նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին և Հովնան եպիսկոպոս Հակոբյանին։

Գործը կապված է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարման վերաբերյալ դատական գործընթացի հետ։ 2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բ-ի տնօրինությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նա վիճարկել էր որոշումը դատարանում, իսկ դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը նրա պաշտոնավարումն ապահովելու վերաբերյալ։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ հետագայում այդ դատական ակտի կատարումը խոչընդոտվել է։

Փետրվարին Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր բացակայելու արգելքը, որի հետևանքով արգելվել էր նրա ելքը Հայաստանից։