Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է РБК-Украина-ն։

Բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը դարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքի վրա փոխադարձ հարվածների դադարեցման հնարավորությունը։

Հանդիպումից առաջ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել հարվածները ռուսական էներգետիկ օբյեկտների վրա, եթե Ռուսաստանը դադարեցնի հարձակումները ուկրաինական էներգետիկայի, կենսական ենթակառուցվածքների և պարենային արտահանման դեմ։ Ըստ նրա՝ նման քայլը կարող էր փոխադարձ լարվածության թուլացման մի մաս դառնալ։

Թրամփն իր հերթին ավելի վաղ Զելենսկուն կոչ էր արե լդադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա։ ԱՄՆ նախագահը դրանց հետևանքները կապել էր վառելիքի գների աճի հետ և հայտարարել էր, որ այդ հարցը կքննարկի ուկրաինացի առաջնորդի հետ։

Հանդիպման սկզբում Թրամփը ասել է նաև, որ կցանկանար հասնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցմանը։ Զելենսկին հույս է հայտնել, որ պատերազմը կհաջողվի ավարտել մինչև ձմեռ, և որ ԱՄՆ նախագահը կօգնի մոտեցնել հակամարտության ավարտը։

Պատասխանելով Մայամիում G20-ի գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Թրամփը հայտարարել է, որ չգիտի՝ արդյոք Պուտինը կհամաձայնի՞, սակայն կարծում է, որ երկու առաջնորդներն էլ՝ Պուտինը և Զելենսկին, ցանկանում են ավարտել պատերազմը։

Բանակցություններն ընթանում են փոխադարձ հարվածների կտրուկ ուժեղացման պայմաններում։ Սեպտեմբերի 22-ի ռուսական հարձակումները մի քանի ուկրաինական շրջաններում հանգեցրել են մարդկանց մահվան և քաղաքացիական ու էներգետիկ ենթակառուցվածքների վնասման, մինչդեռ Ուկրաինան հարվածներ է հասցրել ռուսական նավթավերամշակող ձեռնարկություններին։

Զելենսկին մտադիր է նաև ամերիկյան կողմի հետ քննարկել ուկրաինական հակաօդային պաշտպանության ամրապնդումը, մասնավորապես Patriot համակարգերի համար լրացուցիչ որսացող հրթիռների մատակարարումները։

Ավելի վաղ նախագահները հանդիպել էին հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Նյու Յորքում ընթացիկ հանդիպումը դարձել է պատերազմի դադարեցման և լարվածության թուլացման հնարավոր միջոցների շուրջ նրանց բանակցությունների հերթական փուլը։