Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում են անցկացրել, հաղորդում է Reuters-ը։

Նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և ավելի լայն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։ Սա վերոնշյալ չորս երկրների արտգործնախարարների վեցերորդ հանդիպումն էր։

Համատեղ հայտարարության մեջ նախարարները դատապարտել են Սաուդյան Արաբիայի դեմ ուղղված բոլոր հարձակումները, դրանց թվում՝ հութիների վերջին հարվածները։ Նրանք միաժամանակ վերահաստատել են թագավորության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքին համապատասխան ինքնապաշտպանության նրա իրավունքի աջակցությունը։

Չորս երկրների արտգործնախարարները կրկին հայտնել են Եմենի լեգիտիմ կառավարության նկատմամբ իրենց ամուր աջակցությունը և ընդգծել լարվածության թուլացման, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար դիվանագիտական ջանքերի անհրաժեշտությունը, հաղորդում է գործակալությունը։

նախարարներն առանձին քննարկել են նաև Պաղեստինի շուրջ իրավիճակը։ Բոլոր չորս երկրները վերահաստատել են 1967 թվականի հունիսի 4-ից առաջ գոյություն ունեցած սահմանների շրջանակում անկախ Պաղեստինյան պետության ստեղծման աջակցությունը։