ԱՄՆ-ն ու Իրանը երեքշաբթի բանակցություններ են վարել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա միջոցառումներին երկու երկրների մասնակցության ֆոնին, հաղորդում է CBS News-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի համաձայնության հասնել Թեհրանի հետ, սակայն հնարավոր ժամկետներ չի նշել։

«Կարծում եմ՝ համաձայնությունը ձեռք կբերվի»,- Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմի հետ երկկողմ հանդիպման ընթացքում ասել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Իրանը շահագրգռված է Վաշինգտոնի հետ երկխոսությունը շարունակելու հարցում։ «Նրանք ցանկանում են խոսել մեզ հետ։ Նրանք խոսել են մեզ հետ։ Նույնիսկ այսօր խոսում էին մեզ հետ, և հարաբերությունները զարգանում են»,- հայտարարել է Թրամփը։

Միաժամանակ նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ նկատի ունի հարաբերությունների զարգացում ասելով, և չի հայտնել, թե, իր կարծիքով, երբ կարող է համաձայնություն ձեռք բերվել։ Ավելի վաղ՝ երեքշաբթի, Թրամփը ենթադրել էր, որ Իրանի հետ համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո։

ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ Իրանը հասկանում է Վաշինգտոնի դիրքորոշումը միջուկային զենքի հարցում։

«Նրանք հասկանում են, որ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան, և որ դրա համար գին պիտի վճարեն»,- ասել է Թրամփը։

Իրանական պատվիրակությունը սպասվում է Նյու Յորքում չորեքշաբթի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։ Առայժմ չի հաղորդվում՝ արդյոք Թրամփը կհանդիպի՞ Իրանի նախագահին կամ երկրի արտգործնախարարին։