ԱՄՆ-ը մի քանի օր առաջ, մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված ելույթը, ձգձգում է Սուդանի բանակի ղեկավար Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանին մուտքի վիզայի տրամադրումը։ Սուդանը ՄԱԿ-ին կոչ է արել միջամտել իրավիճակին։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, վիզայի տրամադրումը, ըստ երևույթին, կապված է եղել ԱՄՆ-ի առաջարկած 90-օրյա հրադադարին Բուրհանի համաձայնության հետ։ Ծրագրի նախաձեռնողը եղել է արաբական երկրների և Աֆրիկայի հարցերով ԱՄՆ-ի ավագ խորհրդական Մասսադ Բուլոսը։
Սուդանի բանակը ամռանը մի շարք առարկություններ էր հայտնել առաջարկված հրադադարի վերաբերյալ։ Ինքը՝ Բուրհանը, նախօրեին հայտարարել էր, որ մտադիր չէ պատերազմի հարցում ընդունել արտաքին ցուցումներ։ Ըստ նրա՝ մարտական գործողություններում դադար հաստատելու նախորդ փորձերը Արագ արձագանքման ուժերին (RSF) և նրանց դաշնակիցներին սոսկ վերախմբավորվելու հնարավորություն էին տվել։
ՄԱԿ-ում Սուդանի դեսպան Ալ-Հարիթ Իդրիս Ալ-Հարիթը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին նամակ է հղել՝ խնդրելով կազմակերպության «անհապաղ միջամտությունը» ամերիկյան վիզայի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Եթե այս իրավիճակը պահպանվի, դա փաստացի ՄԱԿ-ի անդամ պետության ղեկավարին հնարավորություն չի տա անձամբ մասնակցել Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին»,- ասվում է սեպտեմբերի 21-ի նամակում։
ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը Reuters-ին ասել է, որ Գուտերեշը «խորապես մտահոգված է» այն տեղեկություններով, ըստ որոնց Սուդանի Անցումային ինքնիշխան խորհրդի նախագահին մինչ այժմ վիզա չի տրվել։ Նրա տվյալներով՝ ՄԱԿ-ի քարտուղարությունն արդեն բարձրացրել է այդ հարցը ամերիկյան իշխանությունների առաջ և շարունակում է քննարկումները նրանց հետ։
Բուրհանը 2019 թվականից Սուդանի փաստացի ղեկավարն է և պետք է հինգշաբթի ելույթ ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ 2021 թվականի ռազմական հեղաշրջումից հետո, որը նա իրականացրել էր RSF-ի հրամանատար Մոհամեդ Համդան Դագալոյի՝ Հեմեդթիի հետ միասին, Աֆրիկյան Միությունը և արևմտյան պետությունները հետ էին կանչել նախկին իշխանական կառույցների ճանաչումը, սակայն Բուրհանը շարունակել էր Սուդանը ներկայացնել Գլխավոր ասամբլեայում։
Սուդանի բանակի և RSF-ի միջև պատերազմը շարունակվում է 2023 թվականի ապրիլից և, ՄԱԿ-ի գնահատմամբ, հանգեցրել է աշխարհում ամենախոշոր հումանիտար ճգնաժամին։ ԱՄՆ-ը ԱՄԷ-ի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ միասին փորձում է հասնել հակամարտության դադարեցմանը այսպես կոչված Quad ձևաչափի շրջանակում։
Ներկա վեճը տեղի է ունենում Վաշինգտոնի և Սուդանի բանակի միջև հարաբերությունների հետագա վատթարացման ֆոնին։ Վերջին շաբաթներին կողմերը տարաձայնություններ են ունեցել նաև Սուդանի ամբողջ տարածքի նկատմամբ Դարֆուրի վրա գործող զենքի էմբարգոն տարածելու մասին ԱՄՆ-ի առաջարկի շուրջ: Բուրհանի կողմնակիցները կարծում են, որ նման քայլն ամենից ուժեղ կհարվածի բանակին։
Սուդանի նախկին վարչապետ Աբդալլա Համդոքը, որը տապալվել էր 2021 թվականի հեղաշրջման հետևանքով, այս օրերին նույնպես գտնվում է Նյու Յորքում՝ Գլխավոր ասամբլեայի միջոցառումների շրջանակում, իր հակապատերազմական կոալիցիայի մասնակիցների հետ միասին։




























