ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չգիտի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞ արդյոք Մայամիում անցկացվելիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին, սակայն նշել է, որ պատրաստ է նոր հանդիպման ՌԴ առաջնորդի հետ, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

«Դե, ես չգիտեմ։ Գիտեմ, որ նա կհանդիպի, և մենք արդեն հանդիպել ենք Ալյասկայում։ Կարծում եմ՝ նա կհամաձայնվեր ևս մեկ հանդիպման։ Բայց Մայամիի մասով՝ չգիտեմ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով գագաթնաժողովին Պուտինի հնարավոր մասնակցության մասին հարցին։

Միաժամանակ ամերիկացի նախագահը հայտարարել է, որ ՌԴ առաջնորդը շահագրգռված է Ուկրաինայում պատերազմի դադարեցմամբ։

«Նա պատրաստ է հանդիպել։ Նա պատրաստ է։ Նա կցանկանար, որ պատերազմն ավարտվեր։ Կարծում եմ՝ երկուսն էլ ուզում են, որ պատերազմն ավարտվի»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով ՌԴ նախագահ Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է ժամանել Մայամիում անցկավելիք G20 գագաթնաժողովին և այնտեղ հանդիպել Պուտինի հետ, եթե ՌԴ նախագահը ևս ներկա լինի։ «Մենք պետք է գանք։ Մենք պետք է հանդիպենք, խոսենք և որոշումներ ընդունենք»,- ասել է ուկրաինացի առաջնորդը Deutsche Welle-ին տված հարցազրույցում։

Միաժամանակ Մոսկվան առայժմ չի հաստատել Պուտինի մասնակցությունը գագաթնաժողովին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մայամի ուղևորության վերաբերյալ որոշումը դեռ չի ընդունվել։

G20 գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերին՝ Մայամիում։ Այսպիսով, գագաթնաժողովի շրջանակում Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը մնում է բաց, սակայն դրա անցկացումը կախված է նաև միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահի որոշումից։