ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում մաքսատուրքեր սահմանելու նոր լիազորություններից, որը կոչվել է հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի անունով։

«Անցյալ շաբաթ ես ստորագրեցի Կոնգրեսի ընդունած նոր հզոր օրենքը՝ սենատոր Լինդսի Գրեհեմի պատվին, որը ինձ մաքսատուրքերի վերաբերյալ նոր հսկայական լիազորություններ է տրամադրում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

«Եթե անհրաժեշտ լինի, ես ստիպված կլինեմ օգտվել դրանցից։ Ժամանակն է վերջ դնել սպանություններին»,- հավելել է նա՝ խոսելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մասին։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ՝ պատերազմին վերջ տալու համար։ Ըստ նրա՝ հակամարտության ավարտը կարող է տեղի ունենալ «ավելի արագ, քան մարդիկ պատկերացնում են»։

«Մենք շատ սերտորեն աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ, և կհասնենք դրան», - ասել է ԱՄՆ նախագահը։

Ելույթի ընթացքում Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ տեղահանված ուկրաինացի և ռուսաստանցի երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելու ուղղությամբ կատարած աշխատանքի համար։

Սեպտեմբերի 18-ին Թրամփի ստորագրած օրենքը ստացել է «2026 թվականի Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Լինդսի Օ. Գրեհեմի օրենք» անվանումը։ Այն նախատեսում է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշման ուժեղացում, դրանց թվում՝ միջոցներ նրա էներգետիկ և պաշտպանական ոլորտների, ինչպես նաև «ստվերային նավատորմի» դեմ։ Օրենքը նախագահին միաժամանակ լիազորում է բարձրացված մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են ռուսական էներգակիրներ գնել։