Ավելի քան երկու հազար տարի առաջ մոտ մեկ տոննա երկաթ տեղափոխող նավը խորտակվել է Դանուբում՝ ժամանակակից Ավստրիայի տարածքում, գրում է Live Science-ը։

Հնագետները հետազոտել են 2019 թվականին Դայնհամ գյուղի մոտ հայտնաբերված անսովոր գտածոն. խոսքը առնվազն 500 երկաթե նախապատրաստուկների մասին է՝ Եվրոպայում հայտնաբերված հին երկաթե ձողերի ամենամեծ կուտակումը։

Անսովոր երկկողմանի երկաթե առարկաները հայտնաբերել էին գետի հունից խիճ արդյունահանող աշխատողները։ Նրանք գտածոյի մասին հայտնել էին Ավստրիայի հուշարձանների պահպանության գերատեսչությանը։

Ինսբրուկի համալսարանի և Բելֆոր-Մոնբելիարի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են խճային լցակույտերից դուրս բերված բեկորները։ Նրանք նույնականացրել են 193 ամբողջական երկաթե ձող և 307 բեկոր։ Ամբողջական կիսահումքերը միջինում ունեցել են 28,5 սանտիմետր երկարություն և մոտ 2 կիլոգրամ քաշ։ Հայտնաբերված երկաթի ընդհանուր զանգվածը կազմել է մոտ մեկ տոննա։

Գտածոյի տարիքը գնահատվում է մ.թ.ա. III–II դարերով։

Միևնույն ժամանակ երկաթե ձողերը պատրաստի արտադրանք չէին։ Դրանք կիսաֆաբրիկատներ էին, որոնց դարբինները տալիս էին մոտավոր ձև, ապա օգտագործում այլ իրերի պատրաստման համար։ Հնագետ Պետեր Տրեբշեի գնահատմամբ՝ հայտնաբերված երկաթը բավական կլիներ մոտ 500 սուր կամ մինչև 8 հազար երկաթե մեխ պատրաստելու համար։

Բեռի ճշգրիտ ծագումն ու Դանուբ ընկնելու հանգամանքները պարզելն ավելի բարդ է։ Խիճը արդյունահանվել էր խոշոր էքսկավատորի օգնությամբ, ուստի սկզբնական հնագիտական համատեքստը ոչնչացվել էր։ Գիտնականները չեն կարող որոշել՝ արդյոք ձողերը գտնվել են խորտակված նավի վրա և թե բեռի կորուստը ինչպես է տեղի ունեցել։

Հետազոտողները չեն բացառում, որ երկաթը կարող էր դիտավորյալ զոհաբերված լինել գետին։ Սակայն, նրանց խոսքով, գետերում նմանատիպ գտածոների վերաբերյալ ուսումնասիրությունների մեծ մասը ցույց է տալիս, որ բեռները պատահաբար են կորցվել տեղափոխման ընթացքում։ Մինչև երկաթուղիների ի հայտ գալը ծանր ապրանքները հաճախ տեղափոխում էին ջրով։

Եթե ձողերն իսկապես նավային բեռի մաս են եղել, դրանք կարող էին արտադրված լինել Դանուբի վերին հոսանքում։ Մասնավորապես, նմանատիպ երկաթե նախապատրաստուկներ հայտնաբերվել են Մանխինգում՝ ժամանակակից Գերմանիայի տարածքում, Ավստրիայում գտածոյի վայրից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա։ Գիտնականները ենթադրում են, որ երկաթը կարող էր այնտեղից կամ Բավարիայի մեկ այլ շրջանից բերված լինել։

Այժմ հետազոտողները վերլուծում են մետաղի տարրական կազմը։ Այդ տվյալները կարող են օգնել պարզելու երկաթի աշխարհագրական ծագումը։

Ըստ Տրեբշեի՝ գտածոն ցույց է տալիս, թե որքան զգալիորեն էր մ.թ.ա. III–II դարերին աճել երկաթի արտադրության ծավալը Դանուբի շրջանում։ Մոտ մեկ տոննա մետաղ միաժամանակ տեղափոխելու հնարավորությունը վկայում է նաև ուշ երկաթի դարում երկաթի առևտրի զարգացման մասին։