Թուրքիան մարտավարական առումով հաղթել է Հայաստանին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Նշենք, որ Թուրքիայի Կարս քաղաքում ապամոնտաժում են «մարդասիրության հուշարձանը»։ Թուրքիայի իշխանությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը խոերհրդանշող հուշարձանի ապամոնտաժումը սկսեցին այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի հայերը նշում էին Հայոց ցեղասպանության 96-ամյա տարելիցը։
Պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է սա «համընկնում» համարել, փորձագետը նկատեց, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» հենց սկզբից չհաջողված է համարել։ Իր քայլերով Թուրքիան կարողացավ կանգնեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, նշեց քաղաքագետը՝ ավելացնելով,որ Թուրքիան խաղում է իր խաղը, եւ հայկական կողմն այդ խաղում պարտված է։
Քաղաքագետը հիշեցրեց, որ շնորհիվ ստորագրված, բայց չվավերացված հայ-թուրքական արձանագրությունների՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը ձեւականորեն կա, սակայն չկա փաստացի։ Այդ է պատճառը, որ Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունները։
«Արդյունքում բոլոր դիվիդենտները Թուրքիայի ձեռքում են»,- ամփոփեց Երվանդ Բոզոյանը։
Նշենք, որ հայ-թուրքական հարաբերոությունների կարգավորման արձանագրությունները Ցյուրիխում ստորագրվել էին 2009 թվականին։ Սակայն Անկարայի կողմից պայմանների առաջքաշման պարագայում գործընթացը սառեցվել էր։




























