Ֆրանսիացի բժիշկ-վարակաբան, Մարսելում Վարակիչ հիվանդությունների միջերկրածովային ինստիտուտի ղեկավար Դիդյե Ռաուլտը հայտարարել է այն մասին, որ կորոնավիրուսի համաճարակը քաղաքում «անհետանում է»։ Այսպիսի հայտարարություն պրոֆեսորը, որը հանդես է գալիս մալարիայի դեմ հիդրոքսիքլորոխինով COVID-19-ի զանգվածային բուժման օգտին, արել է Twitter-ի իր էջում, հայտնում է RFI-ը։

Նրա խոսքերով՝ Մարսելում դիտարկվում է «հայտնաբերված դեպքերի էական նվազում, մանավանդ այն մարդկանց մոտ, որոնք գալիս են թեսթեր անելու այն դեպքում, երբ նրանց մոտ ախտանիշներ չկան»։ Ռաուլտը հայտարարել է, որ համաճարակի գագաթնակետին իրենց ինստիտուտում օրական հայտնաբերել են 368 վարակման նոր դեպք։ Իսկ այժմ՝ ընդամենը 60-80։

France Bleu Provence ռադիոկայանին տված հարցազրույցում Առողջապահության գործակալության տեղական բաժանմունքի ղեկավար Ֆիլիպ դե Մեստերը հայտարարել է, որ դեռեւս վաղ է խոսել Մարսելում համաճարակի ավարտի մասին։ «Մենք առայժմ այդ մասին ոչինչ չգիտենք, ցավոք։ Վերջին մի քանի օրերին մենք, իսկապես, դիտարկում ենք համաճարակի տարածման դանդաղում, սակայն ոչ մի դեպքում՝ նվազում։ Համաճարակը շարունակվում է, եւ դա դեռ շաբաթներ կտեւի»,- ընդգծել է նա։

«Մենք չունենք որեւէ գիտական փաստարկ, որը թույլ կտա հաստատել, թե վիրուսն անհետանում է»,- francetvinfo-ին տված հարցազրույցում իր հերթին հայտարարել է Մարսելի գլխավոր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Տիմոն Ժյուլեն Կարվելին։

Դիդյե Ռաուլտը Ֆրանսիայում եւ նրա սահմաններից դուրս հայտնի է դարձել որպես նոր կորոնավիրուսի հիդրոքսիքլորոխինով բուժման եռանդուն կողմնակից։ Սակայն պրոֆեսորի մի շարք գործընկերներ հաստատում են, որ դեռեւս չկան ապացույցներ կորոնավիրուսի բուժման հարցում այդ դեղամիջոցի արդյունավետության մասին։

Մարսելի ինստիտուտում, որը ղեկավարում է Դիդյե Ռաուլտը, մի քանի շաբաթ առաջ ներմուծել են կորոնավիրուսի զանգվածային թեսթավորում բոլոր ցանկացողների համար, որի հետեւանքով ինստիտուտի մոտ երկար հերթեր են առաջացել։

Անցյալ Շաբաթ Դիդյե Ռաուլտի հետ անսպասելի հանդիպել էր նախագահ Էմանուել Մակրոնը։ Հանդիպումը պատրաստել էին գաղտնիության մթնոլորտում, այն նախատեսված չէր նախագահի գրաֆիկով, եւ դրան չէին մասնակցել լրագրողները։

Ապրիլի 15-ին RFI-ին տված հարցազրույցում Մակրոնը հայտարարել է, որ «հարգում է» մարսելցի պրոֆեսորին։ «Ես համոզված եմ, որ նա մեծ գիտնական է, ինձ գրավում է այն, ինչ նա ասում եւ բացատրում է»,- ասել է նախագահը։ Միաժամանակ նա նշել է, որ նախագահը չպետք է որոշի, թե բուժման որ միջոցն է լավ, որը՝ ոչ։