«Թուրքիան առաջ է մղելու Ադրբեջանի շահերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման բանակցությունների ձեւաչափում»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հեռուստաուղերձի ընթացքում:
«Ես հավատում եմ, որ այդ գործընթացը երջանիկ ավարտ կունենա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի համար այն հարցում, որ գանգրենա է դարձել եւ դուրս է մղվելու պատմությունից»,- ասել է նա եւ հավելել. «արդյունքում մենք կպահպանենք մեր առաջնահերթությունները, անկախությունը, կշարունակենք մեր խաղաղ եւ բարեկամական կապերը»:
Ինչպես հաղորդում է Tehran Times թերթը՝ հղում անելով Անատոլիական գործակալությանը, Թուրքիայի վարչապետը հստակեցրել է, որ արձանագրույթունները, որոնք «Հայաստանից պահանջում են համաձայնել Թուրքիայի պայմաններին», «խնդիրների լուծման ազդանշան են»:
«Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն թուրքական խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո: Մենք կշարունակենք խնդիրների լուծման բանակցությունները երկու երկրների միջեւ եւ մեր հարաբերությունները կկառուցենք հարեւանության քաղաքականության հիման վրա»,- ընդգծել է նա: Վարչապետի խոսքերով, Թուրքիան լրամշակում եւ փոխում է իր հարաբերություններն ամբողջ աշխարհի հետ՝ հավելելով, որ Անկարան կշարունակի բանակցությունները բոլոր առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիան եւ Հայաստանը օգոստոսի 31-ին հայտարարեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման երկու արձանագրությունների վերաբերյալ ներքաղաքական քննարկումներ սկսելու մասին: Խորհրդակցությունները պիտի ավարտվեն վեց շաբաթվա ընթացքում: Փաստաթղթերը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի վարչապետը, կարող են ստորագրվել Ցյուրիխում՝ հոկտեմբերի 10-ին կամ 11-ին, ապա կուղարկվեն խորհրդարաններ՝ վավերացվելու: Երկու երկրների օրենսդիր մարմիններն էլ լսումներ են կազմակերպել այդ խնդրի կապակցությամբ:



























