Չինաստանում վերջին մեկ օրում նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետեւանքով մահացածների թիվը ոչ մի մարդով չի ավելացել, հիվանդանոցներում վարակակիրների թիվն աճել է 46-ով՝ մինչեւ 1 107 մարդ: Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի հիգիենայի եւ առողջապահության հարցերով պետական կոմիտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Չինաստանում վիրուսի տարածման ամբողջ ժամանակահատվածում առողջացել է վարակվածների 94,5 տոկոսը, այդ թվում՝ 76-ը վերջին մեկ օրում: 2019 թվականի դեկտեմբերից հիվանդացածների թիվը կազմել է ավելի քան 82,3 հազար, երկրում թոքաբորբի հետեւանքով մահացության պաշտոնական ցուցանիշը կազմում է 4 տոկոս (մահացել է 3,3 հազարից ավելի մարդ):

Չինաստանում վերջին շրջանում բավական սակավաթիվ են վարակման դեպքերը, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է 12 դեպք: Վարակվածների մեծամասնությունը ժամանում է արտասահմանից, միայն նախորդ օրը՝ 34 մարդ: Չինաստանում ընդհանուր գրանցվել է արտասահմանից եկած 1 534 վարակակիր, որոնցից 636-ն արդեն ապաքինվել է:

Կառավարությունը շարունակում է պահպանել անվտանգության ուժեղացված միջոցառումները: Գործում են հատուկ կանոններ, որոնք կարգավորում են հանրային վայրերում վարքագիծը: Ազգային վիճակագրությունը հաշվառում է առանց ախտանիշների եւ առանց վիրուսի առաջացրած հիվանդությամբ վիրուսակիրներին. այս պահին Չինաստանում նրանց թիվը կազմում է 1 032, այդ թվում՝ 64 դեպքը գրանցվել է անցած օրը:

Չինաստանի շրջանների թվում բուժհաստատություններում գտնվող վարակվածների թվով առաջին տեղում է Ռուսաստանին սահմանակից Հեյլունցզյան նահանգը (377 վարակակիր), հաջորդում է Հուբեյը (146), 3-րդ տեղում է Շանհայը (136): Տարածքային 31 միավորից 8-ում, ներառյալ Տիբեթում, Սինցզյան Ույգուրական ինքնավար շրջանում եւ Հայնան կղզում հիվանդացածներ չեն հայտնաբերվել: Մնացյալ շրջաններում, կենտրոնական ենթակայության քաղաքներում եւ ինքնավար շրջաններում կա մեկից մինչեւ շուրջ 100 մարդ:

Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում բժիշկների հսկողության տակ է ավելի քան 8,4 հազար մարդ, որոնք վարակակիրների հետ սերտ շփում են ունեցել: Երկրում նաեւ կորոնավիրուսի կասկածով 63 մարդ կա, որոնք կարանտինի մեջ են: Բժիշկների տվյալներով՝ 95 վարակակիրների մոտ հիվանդությունն ընթանում է ծանր:

Աշխարհում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 2 մլն մարդ, գրանցվել է 124 հազարից ավելի մահվան դեպք: