Գույություն ունեն բազմաթիվ հետազոտություններ նվիրված տնային կենդանիներին իրենց տերերից բաժանելուն, բայց դրանց մեծ մասում նկարագրված են շների տերերի մոտ ծագած խդիրները։ Իսկ ի՞նչ կա կատուների մասին։ Ոմանք կարծում են, թե կատուներն ընդհանրապես չեն կարոտում իրենց տերերին, իսկ ոմանք էլ հակառակն են պնդում։ Բրազիլացի գիտնականները փորձել են հասկանալ խնդիրը, հաղորդում է Planet- today-ը։
Մինաս Ժեյրաս նահանգի դաշնային համալսարանի աշխատակիցները մշակել են հատուկ հարցաշար կատուների տերերի համար։ 130 «կատվատերերի» կողմից լրացված հարցաթերթիկում եղել են կենդանու պահվածքի տարբեր դրսեւորումների մասին հարցեր, ինչպես նաեւ այլ կարեւոր հանգամանքներին (կենդանու հետ փոխհարաբերությունների առանձնահատկություններին, նրա բնակության միջավայրին եւ այլն) վերաբերող հարցեր։
Հարցման արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ տիրոջ բացակայության ժամանակ կատուների 13,5 տոկոսի մոտ նկատվել է դեստրուկտիվ պահվածք։ Մենակ մնացած շատ կատուների մոտ նկատվում է անհանգստություն եւ ապատիա։
«Ամեն ինչ խոսում է այն մասին, որ տնային կատուների զգալի մասի մոտ տարածված է տերերի հանդեպ կարոտի զգացումը։ Բայց խնդիրն ավելի լավ հասկանալու համար մեզ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։ Առայժմ մեր տվյալները շատ քիչ են, ամփոփիչ հետեւություններ անելու համար»,- ասում են գիտական աշխատանքի հեղինակները։





























