Հին Եգիպտոսի ժամանակների նավը, որ գտնվել է Նեղոսի հատակին, ապացուցում է Հերոդոտոսի 2500 տարի առաջ կատարած գրառումների արժանահավատությունը։ Եգիպտոսի հազվագյուտ գտածոյի մասին գրում է Planet-Today- ը՝ հղում անելով Science Alert-ին։
Հին նավը, որը ավելի քան երկու հազարամյակ եղել է Նեղոսի հատակին, պատկանում է նավերի այն տեսակին, որը հիշատակվում է Հերոդոտոսի «Պատմության» մեջ: Տեքստում, որը հին հույն պատմիչի կողմից հրատարակվել է մ.թ.ա. 450-ին, կա եգիպտական բարիս բեռնանավի նկարագրություն: Համաձայն բարիսի սխեմայի, որը ժամանակին նկարել էր Հերոդոտոսը, նավը ուներ մի ղեկ, որը անցնում էր նրա հիմքով: Բայց հնագետները դեռևս չեն գտել ապացույցներ այն մասին, որ նման նավեր գոյություն են ունեցել Հին Եգիպտոսում։
«Թեեւ նավը հազարավոր տարիներ ջրի մեջ է եղել, զարմանալիորեն լավ է պահպանվել, այնպես որ մենք կարող ենք ստանալ շատ արժեքավոր տեղեկություններ՝ ուսումնասիրելով այն: Հերոդոտոսը իր գրառումներում նկարագրել է այս տեսակի նավեր։ Մենք կասկած չունենք, որ սա հենց բարիսն է», - ասում են հետազոտողները:
Ինչպես նշել է Օքսֆորդի Ծովային հնագիտության կենտրոնի (Մեծ Բրիտանիա) հնագետ Դամիան Ռոբինսոնը, նավը հայտնաբերվել է Եգիպտոսի Հերակլիոն հին քաղաքում պեղումների ժամանակ: Երկուսուկես հազար տարի առաջ այս քաղաքը Հին Եգիպտոսի ամենակարևոր նավահանգիստներից մեկն էր:





























