Եվրոպան ներկայումս գտնվում է կորոնավիրուսային համավարակի էպիկենտրոնում, իսկ տարածաշրջանում վարակման դեպքերի թիվը մոտենում է 1 միլիոնի, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը Հանս Կլյուգեն, փոխանցում է Reuters-ը:
«Տարածաշրջանում դեպքերի թիվը շարունակում է աճել: Անցած 10 օրվա ընթացքում Եվրոպայում արձանագրված դեպքերի քանակը գրեթե կրկնապատկվել է եւ հասել է 1 միլիոնի»,- առցանց բրիֆինգի ժամանակ լրագրողներին հայտնել է Կլյուգեն: Սա նշանակում է, որ Եվրոպային բաժին է ընկնում աշխարհում կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի մոտ 50 տոկոսը, ասել է Կլյուգեն: Նա հավելել է, որ տարածաշրջանում համաճարակն ավելի քան 84 000 մարդու կյանք է խլել: «Այս համաճարակի սեւ ամպերը դեռ շարունակում են կուտակված մնալ եվրոպական տարածաշրջանի գլխին»,- ասել է Կլյուգեն: Չնայած որոշ երկրներ մտնում են մի փուլ, երբ, հնարավոր է, կկարողանան աստիճանաբար մեղմել սահմանափակումները, «սակայն արագացված վերադարձ նորմալ կյանքին լինել չի կարող»:





























