Կարանտինի ընթացքում Ֆրանսիայի որոշ շրջաններում ոստիկանություն ստացվող ահազանգերի 70 տոկոսը մատնություններ են: Նման տվյալներ է տրամադրվել Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցների ամենախոշոչ արհմիությունը, փոխանցում է RFI-ն:
Ըստ արհմիության ներկայացուցչի` մատնության դեպքերը նախանձով են պայմանավորված: Ֆրանսիայի մայրաքաղաքի 20-րդ շրջանի քաղաքապետը դիմել է փարիզեցիներին` խնդրելով դադարել մատնել հարեւաններին: Ըստ նրա` այդ ահազանգերը անօգուտ են եւ խանգարում են հանցագործությունների իրական վկաներին եւ զոհերին կապ հաստատել ոստիկանության հետ:
Ֆրեդերիկ Կալանդարը դիմել է Ֆրանսիայի մայրաքաղաքի այս խիտ բնակեցված հատվածի բնակիչներին` պահանջելով դադարեցնել մատնությունները: Կարանտինային ռեժիմին չհետեւող հարևանների դեմ բողոքները մայրաքաղաքում այնքան շատ են դարձել, որ 17 հեռախոսահամարը, որով Ֆրանսիայում կարելի է շտապ օգնության դիմել, անընդհատ զբաղված է: Քաղաքապետը շեշտել է, որ սա վտանգ է ստեղծում նրանց համար, ովքեր իսկապես ոստիկանության միջամտության կարիք ունեն:
«Ոմանք նույնիսկ ուղարկում են մեզ հարեւանի երեխաների լուսանկարները, ովքեր դուրս են եկել զբոսանքի»,- ասել է քաղաքապետը երեքշաբթի` ապրիլի 14-ին, France Bleu Paris ռադիոյի եթերում: Նա նաեւ հիշեցրել է, որ առանց համաձայնության մարդկանց լուսանկարելը հակաօրինական է:
Շրջանում նման բողոքներով զբաղվելու համար նույնիսկ հատուկ ծառայություն է ստեղծվել, որում չորս մարդ է աշխատում: Միայն որոշ զանգեր են, ըստ քաղաքապետի, ուշադրության արժանի: Օրինակ, երբ պատուհանների տակ ամբողջ գիշեր թմրանյութ կամ մաքսանենգ ծխախոտ են վաճառում:
Ինչպես ապրիլի 14-ին նշել է8 Alternative Police արհմիության ներկայացուցիչ Սիլվեն Անդրեն, մատնությունների թվի ավելացումը կարելի է բացատրել կարանտինային պայմանների տարբերությունից բխող նախանձով: Նա հիշեցրել է, որ զանգել, երբ հարեւանը մեկ օրվա ընթացքում հինգ անգամ զբոսանքի է հանել իր շանը կամ այն պատճառով, որ ինչ-որ մեկը մի քանի անգամ գնացել է խանութ, անօգուտ է: Ոստիկանական հեռախոսային գիծը պետք է ազատել փողոցային հանցագործությունների կամ ընտանեկան բռնության վկաների եւ զոհերի զանգերի համար:
Մատնումների թիվը Ֆրանսիայի տարբեր շրջաններում նույնը չէ: Գրանդ Էստ շրջանում (Էլզաս, Լոտարինգիա Շամպան-Արդենի) դրանց թիվը հասնում է բոլոր զանգերի մինչեւ 70 տոկոսի: Մասնավորապես, Նանսիում 27 զանգից, որոնք ոստիկանությունը ստանում է մեկ ժամում, 22-ը կարանտինային ռեժիմի խախտումների մասին է: Բորդոյում այդպիսի զանգերի թիվը 16:00-ից հետո հասնում է 90 տոկոսի: Փոխարենը Վերին Նորմանդիա շրջանում եւ Լուարայի հարթավայրում մատնումներ չկան: Բացառություն են կազմում նաեւ Մայոտա և Ռեյունիոն շրջանները:




























