Իտալիայի մշակույթի փոխնախարար Լորենցա Բուոնակորսին հայտարարել է, որ իշխանությունները մի շարք վարչական միջոցառումներ են մշակում ` լողափերին անվտանգ հեռավորություն ապահովելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ նրա` քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չկա, չի կարելի խոսել «նորմալ կյանքին» վերադառնալու մասին, սակայն իշխանություններն աշխատում են այնպես անել, որպեսզի ծովափնյա հանգիստը հնարավոր դառնա իտալացիների համար:

Քննարկվում են այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են պառկելաթոռների թվի կրճատումը` նախնական ամրագրման համակարգով, հովանոցների` միմյանցից 10-14 մ հեռավորության վրա տեղադրումը, բարձր ռիսկային խմբերի (տարեց մարդկանց) համար լողափ այցելելու հատուկ ժամերը:

Պարտադիր կլինի լողափնյա սարքավորումների, ավազի եւ ընդհանուր օգտագործման տարածքների կանոնավոր ախտահանումը: Լողափնյա վոլեյբոլի համար ընդհանուր խաղահրապարակներ եւ հանրային միջոցառումներ չեն լինի: Բարերից կանհետանա բազմանգամյա օգտագործման սպասքը: Բաց է մնում հարցը` անհրաժեշտ է արդյոք դիմակ կրել լողափին:

Փորձնական նախագիծն այն մաիսն, թե ինչպես կարելի է կազմակերպել անվտանգ հանգիստըլողափում, պատրաստվել է Էմիլիա-Ռոմանիա մարզում, որտեղ տեղակայված են այնպիսի հանգստավայրեր, ինչպիսիք են Ռիմինին, Ռիչոնեն, Ռավենան, Չեզենատիկոն, Միզանո-Ադրիատիկոն: