Դուշանբեի քաղաքապետ Ռուստամ Էմոմալին ուրբաթ ընտրվել է Տաջիկստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ, հայտնում է «Sputnik-Տաջիկստանը»: 

Տաջիկստանի 6-րդ գումարման խորհրդարանի վերին պալատի առաջին նիստում ելույթ ունենալով՝ հանրապետության ղեկավար Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է բոլոր ընտրվածներին եւ խորհրդարանի նշանակված անդամներին:

Հիշեցնենք, որ Ռահմոնն ավելի վաղ հրաման էր ստորագրել Տաջիկստանի խորհրդարանի գումարման մասին:

Ուրբաթ՝ ապրիլի 17-ին, Տաջիկստանում տեղի էին ունեցել խորհրդարանի վերին եւ ստորին պալատների նիստեր:

Ռուստամ Էմոմալին հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի ավագ որդին է:

Նա ծնվել է 1987 թվականին, ավարտել է Տաջիկական ազգային համալսարանը՝ «միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտությամբ:

Նա ավելի վաղ զբաղեցրել է Տաջիկաստանի Մաքսային ծառայության նախագահի, Տաջիկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահի պաշտոնները:

2017 թվականի հունվարի 12-ից երկրի նախագահի հրամանով նշանակվել է Դուշանբեի քաղաքապետի պաշտոնում:

Այս տարվա մարտի 27-ին Դուշանբերի ղեկավարին ընտրել էին Տաջիկստանի խորհրդարանի վերին պալատի անդամ: Նրա թեկնածությանը միաձայն աջակցել էին ժողովրդական պատգամավորների քաղաքային եւ մայրաքաղաքային շրջանների մաջլիսների առաջին համատեղ նիստում: