Քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրում՝ Տիրոջ Գերեզմանի տաճարում ուղղափառ Զատկի նախօրեին անցկացվելու է Բարեբեր կրակի արարողությունը, ընդ որում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով դրան մասնակցելու է միայն մի քանի մարդ, այլ ոչ թե տասնյակ հազարավոր ուխտավորներ, ինչպես եղել է նախորդ տարիներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բարեբեր կրակը հավատացյալների համար սուրբ է համարվում, որի հայտնվելը, չնայած պարբերականությանը, հրաշք են անվանում: Այն ամեն տարի Ավագ շաբաթ վառվում է Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի տաճարում՝ ուղղափառների կողմից Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնակատարության նախօրյակին:

Կրակը վառվում է հատուկ աղոթքի ժամանակ, որը ղեկավարում է Երուսաղեմի պատրիարքը: Նա խաչերթով երեք անգամ պտտվում է քրիստոնեության գլխավոր տաճարի կենտրոնում գտնվող Քրիստոսի գերեզմանի վրայի մատուռի շուրջը: Այնուհետեւ մտնում է դրա մեջ, որտեղ աղոթում է կրակի իջնելու մասին:

Արարողությունը սովորաբար բազմամարդ է լինում. տաճարը լեփ-լեցուն է լինում ուխտավորներով, ինչպես եւ ամբողջ Հին Երուսաղեմը: Սակայն այս տարի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների պատճառով այն տեղի կունենա Երուսաղեմի ուղղափառ, Հայկական, Ղպտիական եւ Ասորական եկեղեցիների սակավաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ: