Շենգավիթ համայնքում այսօր` ապրիլի 28-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական եւ մարզաուսումնական համալիրի բացման հանդիսավոր արարողությունը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այս համալիրը «Գրանդ Հոլդինգ» ձեռնարկությունների խմբի մաս է կազմում, որտեղ բոլոր մարզադահլիճներն ունեն միջազգային չափանիշներին համապատասխան չափեր ու բարձրակարգ մանրահատակ: Այստեղ աշխատում են միջազգային որակավորում ունեցող մասնագետներ:

Բասկետբոլի միջազգային լիգայի` FIBA-ի չափանիշներին համապատասխան մարզաձեւի դահլիճը ծառայելու է նաեւ որպես վոլեյբոլի եւ մինի ֆուտբոլի դահլիճ:

Մարզահամալիրում կա նաեւ ալպինիզմով զբաղվելու հնարավորություն: Ուժային մարզաձեւերի համար նախատեսված դահլիճը համալրված է հատուկ «Գրանդ Սպորտի» համար պատվիրված մարզագույքով:

Ամառային մարզահրապարակները երկուսն են` մեծ թենիսի եւ ծովափնյա վոլեյբոլի կորտերը: