Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի կարծում, որ երկրում ինչ-որ սխալ են գործել կորոնավիրուսի դեմ պայքարի տակտիկա ընտրելիս, այդ մասին կիրակի նա հայտարարել է եկեղեցի այցելելիս, հաղորդում է Sputnik-Բելառուս-ը։

Երկրի ղեկավարն արդեն բազմիցս արտահայտվել է կորոնավիրուսի մասին։

«Ես այժմ չեմ տեսնում, որ մենք ինչ-որ տեղ սխալվել ենք։ Դեռեւս։ Ամեն ինչ հնարավոր է։ Սակայն անգամ դուք՝ գործընթացում ոչ այնքան ներգրավված մարդիկ, տեսնում եք, որ բելառուսցիները ճիշտ են վարվել»,-ասել է Լուկաշենկոն։

Թոքաբորբը, որի մասին այսօր այդքան շատ են խոսում, Բելառուսի նախագահի խոսքով, գոյություն ունեցող ոչ պակաս վտանգավոր հիվանդությունների փոքր մասն է։

«Մեզ մոտ ապրում են բազմաթիվ մարդիկ, որոնք ունեն սրտանոթային հիվանդություններ, տառապում են օնկոլոգիայով, շաքարային դիաբետով, ճարպակալմամբ»,-հիշեցրել է նա։

Նախագահը նաեւ նշել է, որ թոքաբորբից մահացությունը, որը զարգանում է COVID-19-ի ֆոնին, շատ փոքր է․ նրա խոսքով՝ մահանում են նրանք, ում առողջությունը վնասել են այլ հիվանդությունները։

Լուկաշենկոն կոչ է արել տարեց մարդկանց, հատկապես նրանց, որոնք ունեն քրոնիկական հիվանդություններ, դիմել իրենց բժիշկներին վարակի առաջին իսկ նախանշանների դեպքում եւ չսպասել խորացմանը՝ զբաղվելով ինքնաբուժմամբ։