Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննարկել են նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով առաջնորդների միջեւ հեռախոսազրույցի արդյունքում Կրեմլի մամուլի հաղորդագրությանը:

«Նավթի համաշխարհային շուկայում իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում կարեւորվել է ՕՊԵԿ +-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունը նավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ», - ասվում է հայտարարության մեջ:

Պուտինն ընդգծել է Վենեսուելայի գործերում ապակառուցողական արտաքին միջամտության անընդունելիությունը: «Ռուսաստանը հաստատում է իր աջակցությունը ներքաղաքական տարաձայնությունների խաղաղ կարգավորման Վենեսուելայի օրինական իշխանությունների ջանքերին՝ հիմնվելով ազգային երկխոսության վրա: Կարեւորվում է վենեսուելական գործերին ապակառուցողական արտաքին միջամտության անընդունելիությունը », -ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրույցի ընթացքում Պուտինը եւ Մադուրոն անդրադարձել են ռուս-վենեսուելական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման արդիական գործոններին, նախեւառաջ առեւտրատնտեսական ոլորտում: