Ապրիլի 23-ին Ռուսաստանում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը կկազմի 77.04 ռուբլի: Նման փոխարժեքն ամենեւին էլ ռեկորդային չէ վերջին տարիների համար: Այդպես, 2016-ի հունվարի 27-ին Ռուսաստանում ԱՄՆ դոլարի միջին  փոխարժեքն աճել էր մինչեւ 81.84 ռուբլի: Դրանից մեկ օր առաջ, այսինքն` հունվարի 26-ին, Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց 32.88 դոլար էր կազմում: Ինչպես հայտնի է, Ռուսաստանում փոխարժեքը սերտ կապ ունի նավթի համաշխարհային գների հետ:

Նավթի համաշխարհային գների ներկայիս անկումն ամենեւին էլ անսպասելի չէր, եւ ավելի վաղ եւս կանխատեսվում էր: Դեռ մարտի սկզբին փորձագետները նախազգուշացնում էին, որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում նավթի խոշորագույն պահեստարանները կարող են լցվել պահանջարկի անկման պատճառով: Պահանջարկի կրճատման պատճառը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ, որն ընդգրկել է աշխարհի մեծ մասը:

Հում նավթի ճնշող մեծամասնությունը վերամշակվում է վառելիքի, այդ թվում` ավտոմոբիլային, ավիացիոն եւ այլն: Մինչդեռ կարանտինի պատճառով շատ երկրներում չվերթների մի մասը չեղյալ է հայտարարվել, բնակչությունը սկսել է զգալիորեն քիչ օգտվել ավտոմեքենաներից, նվազել է նաեւ բեռների հոսքերը: Դրա արդյունքում անմշակ նավթի պաշարների մի մասը մնացել է առանց պահանջարկի: Այդ պատճառով էլ այս ոլորտում շատ բան կախված է նույն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից: