Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը բավական թափանցիկ ակնարկ է արել։ Այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի համար գազի գնի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։

«Ինձ ավելի շուտ այլ հարց կհետաքրքրեր, որի պատասխանը կօգներ հասկանալ այս ամենը: Ինչու Ռուսաստանի արտգործնախարարը հիմա խոսեց Արցախի բանակցությունների մասին եւ մինչ այդ Մարիա Զախարովան հայտարարեց, որ բանակցությունները շարունակվում են: Խնդիրը պահի ընտրությունն էր: Եւ այդ կոնտեքստում ինչու գազի հարցը պայմանավորեց Հայաստանում ընթացող դատական պրոցեսներով: Այսինքն, բացահայտորեն, գազի գնի հարցը պայմանավորեց այլ հարցով:

Դա շատ թափանցիկ ակնարկ էր, եթե դա ակնարկ անվանենք, այնինչ շատ բացահատ դա արվեց: Ռուսաստանն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարի հետ խնդիրներ ունի եւ գուցե դա ցուցադրելու համար մեզ համար շատ ցավոտ կետի վրա է «սեղմել»:

Պարզ է, որ սա ընդամենը ենթադրություններ են, որովհետեւ մենք չգիտենք, թե վարագույրի ետեւում ինչ պրոցեսներ են ընթանում, բայց նման ենթադրության համար հիմնավոր պատճառներ կան։ Նաեւ խոսելով դատական պրոցեսների մասին, կարող է ոչ միայն ռուսական ձեռնարկությունների դատական պրոցեսները նկատի ունի, գուցե նաեւ Քոչարյանի գործը նկատի ուներ։ Մի բան ակնհայտ է, միջպետական հարաբերություններում խնդիրներ կան»,- նշեց քաղաքագետը։