Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Քիշնեւում կայանալիք հանդիպումը շատ կարեւոր է, քանի որ համընկնում է մեկ այլ գործընթացի՝ հայ-թուրքական կարգավորման հետ: Այդ մասին հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ, Միջազգային ճգնաժամային խմբի աշխատակից Լոուրենս Շիթսը:
«Ղարաբաղյան հակամարտությունը ծանր, սառեցված հակամարտություն է: Սակայն կարելի է դիտարկել որոշակի առաջընթաց, որ վերջին տարիներին տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ՝ բանակցային գործընթացի շնորհիվ: Միայն վերջին տարում 5 հանդիպում է կայացել Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Եւ ես կասեի, որ դա հակամարտության 15 տարիների ընթացքում ամենակարեւոր պահերից է: Քիշնեւում կայանալիք հանդիպումը կարեւոր է նաեւ նրանով, որ այժմ նաեւ ընթանում է Ադրբեջանի դաշնակցի՝ Թուրքիայի, եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթաց»,- հայտարարել է Շիթսը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական եւ հայկական հանրությունների տրամադրվածությանը, Լոուրենս Շիթսը նշեց, որ, ցավոք, երկու հանրությունն էլ իրար նկատմամբ վատ են տրամադրված: «Դա քարոզչության արդյունքն է: Եւ հոգեբանորեն նրանց համար շատ դժվար է լինելու կապվել իրար հետ, եթե ինչ-որ համաձայնության հասնեն»:



























