Գերմանիայի սուպերմարկետները, դեղագործական ընկերությունները եւ առցանց առեւտրով զբաղվող ընկերությունները շահույթ են կանխատեսում COVID-19-ի համավարակի շրջանում` չնայած Գերմանիայում հայտարարված սահմանափակող միջոցառումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ifo տնտեսագիտական ինստիտուտի գիտաշխատող Կլաուս Վոլրաբեն:
Ավելի վաղ Ifo ինստիտուտը հետազոտություն էր հրապարակել, որը հիմնված էր այնպիսի ոլորտների ընկերությունների հարցման վրա, ինչպիսիք են արդյունաբերությունը, շինարարությունը, սպասարկման ոլորտը եւ առեւտուրը: Ընկերությունների գրեթե 84 տոկոսը հայտարարել էր համավարակի պատճառով եկամուտների անկման մասին, սակայն 4 տոկոսը հայտնել էր շահույթի աճի մասին:
«Դա դեղագործական ընկերություններն ու սննդամթերքի եւ դելիկատեսների վաճառքի ոլորոտում աշխատող ընկերություններն են»,- ասել է Վոլրաբեն` «ՌԻԱ Նովոստի»-ի խնդրանքով մեկնաբանելով ifo-ի հետազոտության այն հատվածը, թե արդյունաբերության եւ բիզնեսի կոնկրետ որ ոլորտներն են շահույթ ստանում կորոնավիրուսի բռնկման ընթացքում:
Վոլրաբեի կողմից մեջբերված ifo-ի ուսումնասիրության այդ հատվածում կան թվեր, որոնք արտացոլում են Գերմանիայում 2020-ին շահույթ ստացող ընկերությունների կանխատեսումը: Այդպես, պարենային ընկերությունները եկամտի 33 տոկոս աճ են ակնկալում 2020 թվականին, դեղագործական ընկերությունները` 43 տոկոս, թուղթ, ստվարաթուղթ եւ հարակից ապրանքներ արտադրողները` 11 տոկոս:




























