Թուրքիայի կառավարությունը, փորձելով «աշխարհիկ պետականությունը պահպանելու նպատակով» վերահսկել կրոնը, սահմանափակումներ է մտցրել բոլոր կրոնական կազմակերպությունների` այդ թվում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի` աշխարհում կրոնական ազատությունների տարեկան զեկույցում:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, զեկույցում մասնավորապես նշվում են տարբեր երկրներում Հայ առաքելական եկեղեցու եւ հայ քրիստոնյաների դեմ իրականացվող բազմաթիվ բռնությունների եւ իրավունքների սահմանափակման դեպքեր:

Ըստ զեկույցի, Թուրքիայի կառավարությունը, փորձելով «աշխարհիկ պետականությունը պահպանելու նպատակով» վերահսկել կրոնը, սահմանափակումներ է մտցրել բոլոր կրոնական կազմակերպությունների` այդ թվում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Բացի այդ, այս երկրի օրենքները կրոնական փոքրամասնություններին թույլ չեն տալիս որպես իրավաբանական անձ գրանցվել` որպես այդպիսին հանդես գալու համար, իսկ Թուրքիայում Հայոց պատրիարքը զրկված է իրավաբանական անձի անունից հանդես գալու հնարավորությունից:

Աշխարհում կրոնական ազատությունների ամերիկյան հանձնաժողովի համաձայն, Թուրքիայում տարբեր պատրվակներով բռնագրավվել է կրոնական փոքրամասնություններին` հայերին, հույներին, հրեաներին եւ կաթոլիկներին պատկանող գույքը` թույլ չտալով պատշաճ վիճակում պահպանել իրենց կրոնական շինությունները:

Թուրքիայում Հայ առաքելական եկեղեցին, որպես կրոնական փոքրամասնություն ներկայացնող ամենամեծ կազմակերպություն, չունի իր հոգեւոր վարժարանը: Իսկ Հայ առաքելական եկեղեցու պատրիարքի կողմից Թուրքիայի պետական համալսարաններից մեկում աստվածաբանության ֆակուլտետ հիմնելու մասին ներկայացված դիմումը դեռեւս դրական պատասխան չի ստացել:

Թուրքիայում տարածված է նաեւ կրոնական հողի վրա ատելությունը: Դրա դրսեւորումներից են Թուրքիայում Հայ առաքելական եկեղեցու պատրիարքին էլեկտրոնային փոստով օրական մոտ 300 սպառնալիք ուղարկելու հանգամանքը, ինչպես նաեւ քրիստոնյա հոգեւորականների եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա կատարված հարձակումները:

Զեկույցում նշվում է, որ 14 պետություններ` Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Բիրման, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Վիետնամը, Պակիստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Էրիթրեան, Նիգերիան եւ Սուդանը: ընդգրկված են «Հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» ցանկում, իսկ Թուրքիային, Աֆղանստանին, Բելառուսին, Կուբային, Ռուսաստանին եւ մի քանի այլ երկրների ընդգրկել է «հատուկ ուշադրություն պահանջող երկրների» ցանկում:

Զեկույցում հիշատակվել է նաեւ Ռուսաստանում կրոնական փոքրամասնությունների հանդեպ գործադրվող վանդալիզմը: