Հայաստանն ու Թուրքիան մեծ ներդրում են ունեցել հարաբերությունների կարգավորման գործընթացում, բայց, ցավոք, վերջին քայլն այդ ուղղությամբ իրականություն չդարձավ: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:
Այդուհանդերձ, եվրահանձնակատարը նկատել է, որ ստորագրված, բայց չվավերացված հայ-թուրքական արձանագրությունները «մնում են սեղանին» եւ ավելի բարենպաստ պայմաններում կողմերը կվերադառնան դրանց ու «կվերածնեն գործընթացը»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացում Թուրքիայի վարքին` ԵՄ-ին անդամակցելու ձգտման համատեքստում, ըստ Ֆյուլեի, անդամակցելու համար միայն տեխնիկական բնույթի պայմաններ են ներկայացվում, կարեւորագույն պայմաններից է հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը:
«Կարծում եմ` Թուրքիան բացառություն չի լինի բոլորի համար ընդհանուր այդ մոտեցման մեջ»,- ամփոփել է ԵՄ հանձնակատարը:



























