Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի վիճակը նորմալ է, համապատասխանում է վիրահատական շրջանի երկրորդ օրվան: Այս մասին այսօր` ապրիլի 29-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` չեմպիոնուհին իրեն լավ է զգում, եւ բժիշկները ամեն ինչ արել են, որ հետագայում հնարավոր լինի վերադառնալ մեծ սպորտ: Բժիշկները ասել են, որ այս մասին դեռ վաղ է խոսել, ավելի ուշ սպորտային բժիշկները կասեն իրենց մասնագիտական տեսակետը դրա վերաբերյալ:

Նշենք, որ ինչպես գրել էր NEWS.am-ը, երեկ Նազիկ Ավդալյանին վիրահատել են` կատարելով ողնաշարի ֆիքսացիա: Հիշեցնենք, որ չեմպիոնուհին  ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային  շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։

Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը հայտնել էր, որ Ավդալյանի վիճակը կայուն ծանր է, զարկերակն ու շնչառությունը` նորմալ:

Մարզուհուն ընդունել են կրծքավանդակի եւ ողնաշարի համակցված վնասվածք ախտորոշմամբ, Աշխարհի չեմպիոնուհուն է այցելել Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ավելի վաղ, ապրիլի 26-ին նրան էր այցելել նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտերի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:

Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել: