Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը ապրիլի 29-ին լրագրողներին պարզաբանումներ է ներկայացրել «Եվրո-2012-ի» շրջանակներում մարտի 26-ին կայացած Հայաստան-Ռուսաստան ընկերական խաղին նախորդած միջադեպերի վերաբերյալ: Մասնավորապես, խաղից առաջ մարդկային մեծ կուտակումներ էին տեղի ունեցել «Դինամո» մարզադաշտում, իսկ շուրջ 100 ռուսաստանցի ֆուտբոլասերներ տոմսերով չէին կարողացել մտնել ստադիոն:

Պատասխանելով NEWS.am-ի հարցին Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ իրականում նման դեպքեր տեղի են ունեցել: «Ես դեռ մեկ ամիս առաջ հայտարարել էի, որ ռուս երկրպագուները չեն կարող մտնել այն սեկցիաները, որոնք նախատեսված են հայ երկրպագուների համար: Նրանց հատկացված էր առանձին սեկցիա եւ նրանք իրենց հասանելիք պայմանագրով տոմսեր ունեին ու խաղը պետք  է դիտեին իրենց համար նախատեսված սեկցիայում: Դա արվել է անվտանգության նպատակներով, որպեսզի ռուս երկրպագուները չգան հայկական սեկցիա եւ կոնֆլիկտներ չլինեն: Հայ եւ ռուս երկրպագուների համար նախատեսված է եղել նաեւ առանձին զուգարաններ եւ սննդի կետեր, հսկիչներ»,-հայտարարեց Հայրապետյանը` հավելելով, որ այդ կարգը սահմանվել է ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կողմից` անվտանգության նկատառումներից ելնելով:

Իսկ այն երկրպագուները, որոնց թույլ չի տրվել մտնել մարզադաշտ, Հայրապետյանի վստահեցմամբ, եղել են ոչ իրենց համար նախատեսված տոմսերով: Այդ տոմսերը ձեռք են բերվել վերավաճառքի արդյունքում, երբ ռուս երկրպագուն հայ երկրպագուից վերավաճառքի արդյունքում ձեռք է բերել հայկական սեկցիայի տոմս:  

Հարցին, թե Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կամ Երկրպագուների համառուսաստանյան միավորումը դիմե՞լ են ՀՖՖ-ին` պարզաբանում ստանալու համար, Հյարապետյանը բացասական պատասխան տվեց: «Առայժմ Ռուսաստանից մեզ ոչ ոք չի դիմել, որովհետեւ նրանք գիտեն, որ մենք ամեն ինչ արել ենք օրենքով, կարգով»,-ասաց նա:

NEWS.am-ի մյուս հարցին` Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները պարգեւատրում ստացե՞լ են  խաղում «ոչ-ոքի» արդյունք ցուցաբերելու համար, եւ ինչ տեսք է ունեցել պարգեւատրումը, ՀՖՖ նախպագահը պատասխանեց. «Պարգեւատրում ստացել են, բնականաբար` ոչ բնամթերքով: Չնայած իմ սրտով չէր, չէի ուզում պարգեւատրել, քանի որ չհաղթեցին, իսկ ես մեր դաշտում չէի ուզում պարտված լինեին»:

Ի դեպ, NEWS.am-ը վերոհիշյալ հարցերը գրավոր ուղղել էր ՀՖՖ մամուլի խոսնակին, ով, սակայն, խախտելով օրենքով սահմանված ժամկետը, այդպես էլ չէր պատասխանել դրանց: Ռուբեն Հայրապետյանը ներողություն խնդրեց եւ առաջարկեց  դատի տալ պատասխաններն ուշացնելու համար: