Համաճարակի դեմ հաջող պայքարի արդյունքում Կիպրոսն ակնկալում է հուլիսին ընդունել առաջին արտասահմանցի զբոսաշրջիկներին, սակայն Ռուսաստանում եւ Մեծ Բրիտանիայում անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պատճառով այդ երկրների քաղաքացիները դժվար թե գտնվեն կղզու առաջին հյուրերի շարքում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Financial Monitor-ին:
«Երկրի իշխանություններին դեռ հաջողվում է վերահսկել վիրուսի տարածումը, ուստի նրանք պլանավորում են հուլիսին սկսել կղզում օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունումը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանից եւ Մեծ Բրիտանիայից՝ Կիպրոսի համար առանցքային շուկաներից ժամանած հյուրերը դժվար թե լինեն առաջիններից, ովքեր կվերադառնան կղզի՝ իրենց երկրներում անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պատճառով»,- գրում է թերթը՝ հղում կատարելով Կիպրոսի զբոսաշրջության փոխնախարար Սավաս Պերդիոսին։
Կիպրոսում երկուշաբթի օրը արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 817 դեպք, մահացել է 16 մարդ:
Թերթի տեղեկություններով՝ կղզում հիմնականում սպասում են զբոսաշրջիկների այն երկրներից, որոնք հաջողությամբ հաղթահարում են կորոնավիրուսը: Դրանց թվում են Գերմանիան, Շվեյցարիան, Ավստրիան, հյուսիսային Եվրոպայի երկրները, Հունաստանը, Իսրայելը եւ, հավանաբար, Նիդեռլանդները: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային եւ Ռուսաստանին, համաճարակի գագաթնակետը այնտեղ դեռ չի անցել: «Հուսով ենք, որ մի քանի շաբաթվա ընթացքում կկարողանանք պարզել, թե երբ այդ երկրներից զբոսաշրջիկները կսկսեն ճանապարհորդել արտասահման»,- մեջբերում է լրատվամիջոցը:
Զբոսաշրջության նախարարությունը մշակել է 2020 թվականի գործողությունների ճկուն ծրագիր, որը կախված կլինի իրադարձությունների զարգացումից եւ արտակարգ իրավիճակների աստիճանից: Այսպիսով, ապրիլի վերջին նախատեսվում է վերսկսել կապը ավիաընկերությունների եւ տուրիստական գործակալությունների հետ, իսկ ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին սոցիալական եւ մշակութային կազմակերպությունները ողջ երկրում ֆինանսական աջակցություն կստանան: Դա արվում է ներքին զբոսաշրջության զարգացման համար, չնայած ներքին ճանապարհորդության մասնաբաժինը կազմում է ընդամենը 6%:
«Մենք մտադիր ենք կիպրոսցիներին ուղեւորություններ առաջարկելէ որպես կարճ արձակուրդի մաս. դրանք երեք-չորս օրվա ուղեւորություններ են ամբողջ երկրում: Մենք նախատեսում ենք նաեւ սուբսիդավորել մեկօրյա էքսկուրսիաները»,- պարզաբանել է Պերիդոսը:
Նա ասել է, որ զբոսաշրջության մեջ եկամուտների անկումից հնարավոր չէ խուսափել, քանի որ ամրագրումների 60%-ը չեղարկվել է: Ենթադրվում է, որ զբոսաշրջային հոսքի լիարժեք վերականգնման հնարավոր է հասնել միայն առաջիկա երեք տարվա ընթացքում: Միեւնույն ժամանակ, Պերիդոսը հավելել է, որ իշխանությունները պատրաստում են օրինագիծ, համաձայն որի հյուրանոցներն ու զբոսաշրջային օպերատորները կկարողանան արժեթղթեր տրամադրել այն զբոսաշրջիկներին, որոնց ուղեւորությունները Կիպրոս չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսի պատճառով:
Ակնկալվում է, որ Կիպրոսի զբոսաշրջային արդյունաբերությունը կորոնավիրուսի պատճառով 2020թ․ 1,5 միլիարդ եվրո կկորցնի:



























