Մարտ ամսին Ֆրանսիայում պատմական ռեկորդ է գրանցվել՝ առավել զանգվածային A կարգի գործազուրկների (նրանք, ովքեր չունեն աշխատանք) թիվը ավելացել է 246 100-ով: Ամսական 7.1% աճը ամենաբարձր ցուցանիշն է 1996 թվականից հետո, երբ Ֆրանսիայում ներդրվեց գործազրկության հաշվառման ներկա համակարգը: Տագնապալի թվերը երկուշաբթի, ապրիլի 27-ին, ներկայացրել է երկրի աշխատանքի նախարարության DARES վիճակագրական ծառայությունը: Մարտի արդյունքներով ամբողջովին գործազուրկների թիվը Ֆրանսիայում (ներառյալ արտասահմանյան տարածքները) գերազանցել է 3 միլիոն 730 հազարը, հայտնում է RFI-ը:
Ընդ որում, գործակալությունը նշում է մնացած՝ B եւ C կարգերում (սրանք այն անձինք են, որոնք գրանցված են զբաղվածության գործակալություններում, սակայն չունեն մշտական աշխատատեղ) գործազուրկների թվի նվազում: Այս կարգերում գրանցվել է մարդկանց թվի 68 600-ով կամ 3,1%-ով նվազում:
Մարտին (բոլոր երեք կարգերում) ֆրանսիացի գործազուրկների թվի ընդհանուր աճն այսպիսով կազմել է 3% (+177 500 մարդ): Ինչպես նշում է Francetvinfo-ն՝ այս աճը մնում է ռեկորդային ամսական վիճակագրության համար: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2009 թվականի ապրիլին (+86 300 գործազուրկ):
Եռամսյակային վիճակագրությունը ավելի քիչ ճնշող է թվում`հունվար եւ փետրվար ամիսներին աշխատաշուկայում դրական դինամիկայի հաշվին։ 2020թ․ առաջին եռամսյակի ընթացքում ամբողջովին գործազուրկների (A կարգ) թվի աճը, նախորդ տարվա վերջին եռամսյակի համեմատությամբ, կազմել է 0,8% (+25,000 մարդ): Այս տարվա առաջին եռամսյակի միջինացված տվյալների համաձայն՝ ֆրանսիական մետրոպոլիայում (բացառությամբ արտերկրի տարածքները) գործազուրկների ընդհանուր թիվը կազմել է 5,4 միլիոն մարդ: Նրանցից ավելի քան 3,3 միլիոնը որեւէ զբաղվածություն չի ունեցել: Ավելի քան 2.1 միլիոն ֆրանսիացի հաշվառման մեջ է եղել զբաղվածության գործակալություններում՝ ունենալով վաստակի ժամանակավոր միջոց։
Մարտի կեսերից մինչեւ մայիսի կեսը խիստ կարանտինի ժամանակահատվածում Ֆրանսիայում գործազրկության կտրուկ աճի ռիսկի մասին վերջերս նախազգուշացրել էր Տնտեսական կոնյունկտուրայի ֆրանսիական ինստիտուտը (Observatoire français des conjonctures économiques): Ապրիլի 20-ին հրապարակած զեկույցում ինստիտուտը գնահատել էր աշխատուժի շուկայում հնարավոր կորուստները՝ հայտարարելով, որ 460 000 մարդ կարող է երկու ամսում զրկվել աշխատանքից։
Ավելի քան 10 միլիոն ֆրանսիացիներ՝ երկրի մասնավոր հատվածի աշխատողների կեսը, կարանտինի ընթացքում փոխադրվել են «ժամանակավոր» (տեխնիկական կամ մասնակի) գործազրկության հատուկ ռեժիմ: Արտակարգ իրավիճակների այս ռեժիմը թույլ է տալիս պահպանել աշխատատեղերը ճգնաժամի ընթացքում: Աշխատողները պետությունից ստանում են աշխատավարձի 84%-ը: Այս նպատակների համար Ֆրանսիայի բյուջեն արդեն 24 միլիարդ եվրո է հատկացրել։




























