Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` ապրիլի 29-ին շարունակվել է Կարեն Խաչատրյանի` քրեական հեղինակություն համարվող «Նորագյուղի Ավետի» ազգականի դատավարությունը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեղադրական ճառով հանդես է եկել մեղադրող Արթուր Սեփոյանը եւ ամբաստանյալ Կարեն Խաչատրյանի համար պահանջել է 4 տարի ազատազրկում:

Դատական նիստը հետաձգվել է, քանի որ Կարեն Խաչատրյանի նոր փաստաբանը ժամանակ է խնդրել դատարանից, որ ծանոթանա նյութերին  եւ կարողանա պաշտպանական ճառ պատրաստել: Հաջորդ նիստը կայանալու է մայիսի 3-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քրեական հեղինակություն համարվող Նորագյուղի Ավետի ազգական, «Արցախ» բանկի աշխատակից Կարեն Խաչատրյանն այս տարվա հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում, վարելով BMW X5 մակնիշի 23 ՍՕ 981 համարանիշի ավտոմեքենան, դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի մաս, վրաերթի ենթարկել մի տղամարդու, ապա հարվածել է Daewoo մակնիշի Տ 4897 համարանիշի տաքսի մեքենային: Տաքսին էլ իր հերթին բախվել էր Wolksvagen Passat մակնիշի 23 ԼՏ 684 համարանիշի ավտոմեքենային:

Արդյունքում վրաերթի ենթարկվածը, տաքսու վարորդն ու ուղեւորները (թվով 9 մարդ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վրաերթի ենթարկված 37-ամյա արվեստագետ Դավիթ Կարապետյանը (Կարեյան) «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ պարեկապահակային ծառայության աշխատակիցները հազիվ էին կարողացել բորբոքված բազմության ձեռքից ազատել BMW X5-ի երիտասարդ վարորդին: Նրան տեղափոխել էին բուժկենտրոն` պարզելու սթափության աստիճանը:

Պարզվել էր, որ նա մեքենան վարել է անսթափ վիճակում:Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):

   Կարեն Խաչատրյան

   Արթուր Սեփոյան

Լուսանկարը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի