ԱԺ գործարար պատգամավոր ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանն ամեն ինչ անելու է, որպեսզի չառաջադրվի հաջորդ խորոհրդարանական ընտրություններում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 29-ին նա հայտարարեց, որ ԱԺ-ն իր տեղը չի եւ որ ինքն ավելի կարեւոր գործով է զբաղված:
«Ինձ համար ավելի կարեւոր գործ ա ֆուտբոլն առաջ տանել, քան թե գնալ, օրենսդիր գործունեությամբ զբաղվել, քանի որ ես գտնում եմ, դա իմ տեղը չի»,-հայտարարեց Հայրապետյանը: Նա նաեւ հավելեց, որ կրկին կառաջադրի իր թեկնածությունը, եթե նման որոշում կայացնի ՀՀԿ ղեկավարությունը: «Բայց ես ամեն ինչ անելու եմ, որ չմասնակցեմ ընտրություններին»,-նկատեց պատգամավորը:
Նշենք, որ իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում իշխանությունները մտադիր են նախընտրական ցուցակներում չընդգրկել օլիգարխներին: Նրանք, ըստ նախնական որոշման, եթե անգամ առաջադրվեն միայն մեծամասնական ընտրակարգով, չեն վայելելու իշխանությունների աջակցությունն ու հույսները դնելու են հասարակական աջակցության վրա:





























