«REAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնը, բացի անիմացիոն ֆիլմերի ցուցադրումից կազմակերպում է նաեւ „Մասնագիտացված դասընթացներ անիմացիոն ֆիլմերի բեմադրման համար“ եւ „Ավանդական երկչափ անիմացիա, շարժումներ եւ հույզեր“ վարպետության դասընթացներ՝ մասնագետ ու սկսնակ անիմատորների համար»,- այս մասին հոկտեմբերի 3-ին «Երեւան» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց REAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։

Նրա խոսքով՝ Երեւանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը եւ Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի գրասենյակը համատեղ կազմակերպում են նաեւ երեխաներին իրենց իրավունքները ներկայացնող «Ամեն խնդիր լուծում ունի» տասնօրյա սեմինարները, որոնց ընթացքում նրանք երեխաների խնդիրների վերաբերյալ հարցումների հիման վրա ստեղծելու են կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ։

«Մեր նպատակը անիմացիոն տեխնիկային եւ դպրոցին ծանոթացնելն է՝ փոքր տարիքից։ Տասը օրվա ընթացքում մասնագետները՝ երեխաների համար լուսաբանելու են անձամբ իրենց խնդիրները»,- ասաց Վրեժ Քասունին։

Ասուլիսին ներկա էին նաեւ սեմինարները վարելու համար Հայաստան ժամանած աշխարհահռչակ պրոդյուսեր Մաքս Հաուարդը եւ անիմատոր Յոշի Թամուրան։

«Ես այստեղ վարում եմ եռօրյա սեմինար։ Ես ուզում եմ հանդիպել կամավոր հայ ռեժիսորի, ով ինձ մի նախագիծ կներկայացնի, եւ ես նրան կօգնեմ երկու ուղղությամբ՝ պատմվածքին յուրահատուկ մոտեցում ցուցաբերելու եւ մտահղացումը պարզ ձեւով մատուցելու առումներով»,- ասաց պրոդյուսեր Մաքս Հաուարդը։

Անիմատոր Յոշի Թամուրան էլ իր հերթին ընդգծեց, որ իրեն շատ հաճելի է գտնվել Հայաստանում։

«Ինձ շատ հետաքրքիր է հայերի կարծիքը եւ ինձ համար կարեւոր է, թե նրանք ինչ ներդրում կունենան այս սեմինարների ընթացքում։ Երկու օրվա ընթացքում ես կներկայացնեմ իմ մոտեցումը անիմացիային։ Կզրուցենք զգացումների եւ շարժումների մասին։ Իսկ հետո ես կպատմեմ, թե ինչպես դա տեխնիկապես իրականացնել»,- ասաց ճապոնացի անիմատորը։

Հիշեցնենք, որ REAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնը իր տեսակի մեջ առաջինն է եւ տեղի կունենա հոկտեմբերի 3-6-ը։ Փառատոնի շրջանակներում ներկայացվելու են նաեւ համաշխարհային անիմացիայի լավագույն նմուշները՝ սկսած 1960-ականներից մինչեւ մեր օրերը։