«Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի առաջարկով կարող է ճանաչվել անցանկալի անձ ֆուտբոլում: Նման որոշում է կայացրել ՀՖՖ կարգապահական կոմիտեն, ապրիլի 28-ին տեղի ունեցած նիստում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՖՖ մամուլի ծառայությունից:
«Կարգապահական կոմիտեն առաջարկել է ՀՖՖ Գործկոմին Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` թույլ տված խուլիգանական արարքի եւ սիստեմատիկաբար դրսեւորած անպարկեշտ, անվայել վարքագծի եւ ոչ մարզական պահվածքի համար Արկադի անդրեասյանին ճանաչել ֆուտբոլում անցանկալի անձ»,-ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ` «Արարատ»-«Փյունիկ» խաղին Արկադի Անդրեասյանի խուլիգանական արարքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգը զրկվել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 10 խաղով, իսկ «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 250 հազար դրամ: Կարգապահական կոմիտեի մեկ այլ որոշմամբ` «Արարատ»-«Փյունիկ» խաղին «Արարատ» ակումբի անվտանգության պատասխանատու Արթուր Արզումանյանն իր խուլիգանական արարքի համար զրկվել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 5 խաղով:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կայացած ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» -«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը (1:4 (0:2)) Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող անձանց կողմից ծեծի ենթարկված Totalfootall.am-ի 19-ամյա ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանը ծնոտի վնասվածքի եւ գլխացավերի պատճառով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Արկադի Անդրեասյանը խաղից հետո հարցաքննվել էր ոստիկանությունում: Totalfootall.am-ը փոխանցմամբ` Առուշանյանը կատարել է իր աշխատանքը եւ լուսանկարել էր տրիբունայում գտնվող մասնագետին: Առաջին հարվածը հասցրել է հենց Անդրեասյանը, ապա նրան ուղեկցողները ծեծել են Առուշանյանին «Հրազդան» ստադիոնի թունելում:
Նշենք, որ սույն միջադեպի հետ կապված ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Նկատենք, որ Արկադի Անդրեասյանը տարիներ առաջ նման կարգավիճակում արդեն հայտնվել էր, սակայն Ֆեդերացիան հետագայում որոշումը վերանայեց:





























