Տնտեսությունը փրկելը, մարդկանց կյանքը անտեսելով, բարբարոսության եւ վայրենության դրսեւորում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Որպես օրինակ, նա հիշել է Սպարտայի պատմությունը, որտեղ, ըստ լեգենդի հիվանդներին ժայռից գցում էին, հայտնում է «Կոմերսանտը»։

«Մենք գիտենք, որ Սպարտայի հասարակությունը իսկապես կառուցված էր դաժան կանոնների վրա։ Սակայն դա էլ չօգնեց։ Եւ վերջին հաշվով այն կորցրեց իր պետականությունը։ Ինչպես ասում են, պատմությունը ուսանելի է»,- երկրում կորոնավիրուսի տարածմանը դիմակայելու խորհրդակցության ժամանակ ասել է նախագահը։

Նրա կարծիքով՝ այն ժանմանակներում, հնարավոր է, այլ ելք չի եղել։ «Սակայն մենք ապրում ենք XXI դարում, եւ ուղիղ ասեմ, նրանք, ովքեր այժմ առաջարկում են զոհաբերել մարդկանց, թողնել նրանց ճակատագրի քմահաճույքին, իրականում վայրենության եւ բարբարոսության կոչ են անում»,- հավելել է նա։

Պուտինի խոսքերով՝ այժմ մարդկության առջեւ կանգնած է բարոյական ընտրության հարց՝ փրկել ազգային տնտեսությունները կամ նվազագույնի հասցնել համավարակի զոհերի թիվը։ «Ենթադրվում է, ըստ էության, գնալ առաջ, քայլելով ամեն ինչի եւ բոլորի վրայով, ոչ մեկին եւ ոչնչի չնայել։ Եւ պարզապես որքան հնարավոր է արագ հանել բոլոր սահմանափակումները, իսկ եթե ինչ-որ մեկը կարող է հիվանդանալ, ապա թող հիվանդանա, հաշմանդամ կդառնա կամ նույնիսկ կմեռնի՝ նշանակում է այդպիսին է նրա ճակատագիրը։ Մի խոսքով՝ առաջարկվում է բնական ընտրության օրենք, որտեղ յուրաքանչյուրը իր համար է»,- ասել է նա։

Նման ընտրությունը պատկերավոր ներկայացնելու համար Վլադիմիր Պուտինը օրինակ է բերել Ջեկ Լոնդոնի «Կյանքի օրենքը» պատմվածքը, որում ցեղը լքում է բեռ դարձած իր ծերերին: Նախագահի խոսքով, նման վերաբերմունքը բնորոշ չէ ռուսների «գենետիկ կոդին»: «Կարո՞ղ եք մի պահ պատկերացնել, որ այսպես կարելի է վարվել մեր ծնողների, տատիկների եւ պապիկների հետ, ինչպես այս պատմվածքում է: Ես երբեք դրան չեմ հավատա»,- ասել է նա: Այս համատեքստում Պուտինը մարդկանց կյանքի պահպանումը համարել է առաջնային խնդիր: «Մնացած ամեն ինչ կհարթվի»,- հավելել է նա:

Նախագահն առաջարկել է համավարակը հաղթահարելուց հետո «բոլորով միասին ոտքի հանել տնտեսությունը»՝ մշակելով ընդհանուր պլան: «Մենք, անշուշտ, կշտկենք եւ կհաղթահարենք այս կորոնավիրուսը եւ հանգիստ սրտով, միասին ոտքի կհանենք տնտեսությունը, կամրապնդենք բարեկեցությունը, անպայման կաջակցենք նրանց, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը, ունեցվածքը, ում համար այսօր հեշտ չէ, հենարան կլինենք տուժած ձեռնարկությունների համար»,- եզրափակել է նա։