ԱՄՆ արդարադատության նախարարությունը եւ Ավիացիոն դաշնային վարչությունը (ԱԴՎ) հետաքննություն են վարում Boeing ամերիկյան աերոտիեզերական կորպորացիայի Boeing 737 MAX օդանավերի արտադրության ժամանակ որակի վերահսկողության բացթողումների վերաբերյալ, որը կարող է սպառնալ բազմամիլիոնանոց տուգանքով: Այս մասին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է The Wall Street Journal պարբերականը:
Նրա աղբյուրների տեղեկություններով՝ ԱՆ-ն եւ ԱԴՎ-ն սկզբնապես հետաքրքրվել են կորպորացիայի մի շարք աշխատակիցների ցուցմունքներով, որոնք մանեւրայնության համակարգում թերությունների մասին նախազգուշացրել են մինչեւ 737 MAX-ի երկու ավիաաղետները: Ավելի ուշ քննիչները ուշադրություն են դարձրել պատվիրատուներին չմատակարարված այս շարքի նոր օդանավերի կեսում կողմնակի առարկաների հայտնաբերմանը վառելիքի բաքերում եւ մեկուսամասերում: Կորպորացիան դրանց տեսչական ստուգում է անցկացրել անցյալ տարվա նոյեմբերից: Կողմնակի առարկաների մասին առաջինը հայտնել է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով 737 MAX ծրագրի գլխավոր մենեջեր Մարկ Ջենքսի շրջաբերականը, սակայն դրանում նշվում էր միայն մի քանի օդանավի մասին:
Ըստ հրապարակման՝ ԱԴՎ-ն քննարկում է Boeing-ին բազմամիլիոնանոց տուգանքի ենթարկելու հարցը, եթե կասկածները հաստատվեն: Վարչությունը նաեւ նպատակահարմար է համարում կորպորացիայի արտադրության պետական վերահսկողության մեծացումը եւ նրա արտադրահոսքերում որակի ստուգման խստացումը: Այս կապակցությամբ առայժմ վերջնական որոշում չի ընդունվել:
Անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարվել էր 737 MAX օդանավերի թողարկման դադարեցման մասին: Այս մոդելի օդանավերի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել էր 2 աղետներից հետո: Անցյալ տարվա մարտի 10-ին Եթովպիայում կործանվել էր Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը, զոհվել էր 157 մարդ: 2018 թվականի հեկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի օդանավի աղետի զոհ էր դարձել 189 մարդ:




























