Երեւանի թիվ 78 ընտրատարածքում դեկտեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
"Ժամանակն է «очистить нацию от политического мусора политических дельцов»,- հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է գլխավոր մարքսիստը՝ մեկնաբանելով իր՝ պատգամավորի թեկնածու առաջադրվելու որոշումը։
Նշելով, որ խորհրդարանը «ազգի ուղեղն է ու միտքը, եւ որ այն փողով չես առնի»՝ Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ, իբրեւ լուրջ ընդդիմադիր, իր ներկայությունն այնտեղ հավասարակշռություն կմտցնի։ «Օլիգարխիկ կապիտալը դուրս է եկել գաղափարական կապիտալի դեմ։ Մինչեւ ե՞րբ կարելի է փողով զավթել պառլամենտը»,- ասաց նա ՝ հավելելով, որ յուրաքանչյուրն, ով ցանկություն կունենա որպես պատգամավոր առաջադրվել, նախեւառաջ պետք է երեք պետական քննություններ հանձնի հատուկ հանձնաժողովին։
ՀՀ գլխավոր մարքսիստը նաեւ հայտարարեց, որ առաջադրվելուց հետո այժմ սպասում է գրանցման փուլին, որի ժամանակ էլ պետք է ներկայացնի առաջադրման համար նախատեսված վճարվելիք 1 մլն դրամի անդորրագիրը։ Բողոքելով, թե գումարի միեւնույն չափը գանձվում է եւ՛ 50.000 դրամ աշխատավարձ ստացող մարդուց, եւ՛ միլիոնավոր դոլարներ շրջանառության մեջ ունեցողից, Դավիթ Հակոբյանն, այնուամենայնիվ, ակնարկեց, որ ինքն այդ գումարն ունի եւ կարող է վճարել այն։ «Ես ազգի գաղափարական տրիբունն եմ եւ եթե անգամ ինքս չկարողանայի այդ չափով գումար հայթայթել, բարեկամներս կօգնեին ինձ»,- եզրափակեց նա։



























