Միջազգային Էներգետիկ գործակալությունը (IEA) հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ներդրված տնտեսական սահմանափակումները պետք է ռեկորդային քանակով կրճատեն էներգիայի համաշխարհային պահանջարկը եւ ածխածնի արտանետումները:

2020 թվականին սահմանափակումների պատճառով էներգիայի համաշխարհային պահանջարկը կարող է նվազել 6 տոկոսով, որն ամենամեծ կրճատումն է պատմության մեջ: Սա կհանգեցնի ածխածնի արտանետումների 8 տոկոսով նվազմանը, ինչը վեց անգամ ավել է, քան 2009-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո գրանցված 400 միլիոն տոննայի չափով ամենամեծ նվազումը:

«Որոշ երկրներ կարող են հետաձգել կարանտինի վերացումը, կամ կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է լավատեսական դարձնել մեր ներկայիս սպասելիքները»,- Reuters-ին ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը:

Այս պահին համավարակն ամենաշատն ազդել է ածուխի պահանջարկի վրա. պահանջարկը, ինչպես առաջին եռամսյակում, այնպես էլ ընդհանուր 2020 թվականի կանխատեսումների համար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8 տոկոսով:

2020 թվականին բնական գազի համաշխարհային պահանջարկը կարող է նվազել մոտ 5 տոկոսով, իսկ առաջին եռամսյակում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2.6 տոկոսով, բայց վերականգնվող էներգիայի արտադրությունն այս ժամանակահատվածում աճել է 3 տոկոսով` քամու հիմքով եւ արեւային նոր նախագծերի առաջացման պատճառով:

«Հաշվի առնելով մահվան դեպքերի եւ տնտեսական վնասների քանակն ամբողջ աշխարհում` համաշխարհային արտանետումների այս պատմական նվազումը բացարձակապես ոչնչով չի մխիթարում»,- ասել է Բիրոլը` կոչ անելով կառավարություններին օգտվել ստեղծված իրավիճակից` ավելի կանաչ էներգետիկ ենթակառուցվածք ստեղծելու համար:

Վերականգնվող էներգիայի մասնաբաժինը համաշխարհային էլեկտրաէներգիայի մատակարարման մեջ հասել է 28 տոկոսի 2020 թվականի առաջին եռամսյակում` 2019-ի առաջին եռամսյակում 26 տոկոսի համեմատ, եւ ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ կհասնի 30 տոկոսի: Առաջին եռամսյակում նավթի պահանջարկը նվազել է 5 տոկոսով, սակայն, ի վերջո, «սեւ ոսկին» կարող է ամենատուժած վառելիքը լինել 2020 թվականին, ընդ որում, ընդհանուր պահանջարկը կնվազի 9 տոկոսով:

«Նավթի շուկայում ներկայիս տեմպերով մենք կարող ենք տեսնել, որ մոտավորապես հունիսի կեսին համաշխարհային պահեստային հզորությունները կարող են լցվել»,- ասել է Բիրոլը` նշելով, որ ամենավատ իրավիճակը Հյուսիսային Ամերիկայում է:

Ակնկալվում է, որ 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կնվազի օրական ռեկորդային 9.3 միլիոն բարելով, իսկ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) եւ Ռուսաստանի նման այլ առաջատար արտադրողները պայմանավորվել են կրճատել արդյունահանումն օրական գրեթե 10 միլիոն բարելով: ինչը համարժեք է համաշխարհային արտադրության մոտ 10 տոկոսին` մայիսի 1-ից սկսած: «Ես նրանց կոչ եմ անում քննարկել հետագա կրճատումները»,- ասել է Բիրոլը: