ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի հարցերի վարչության եւ ՀՀ կադաստրի կոմիտեի համատեղ ուսումնասիրության արդյունքներով ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքի եւ կից փաստաթղթերի հիման վրա` նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի Կարենիս համայնքի նախկին ղեկավարը, առերեւույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, որպես համայնքի ղեկավար` 2011թ. մայիսի 5-ին Աբովյան քաղաքի բնակչի հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինս Կարենիս համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0.02 հա մակերեսով հողատարածքը՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 100.000 դրամ վարձավճարով: Այնուհետեւ` 2011թ. հունիսի 8-ին 5 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով Աբովյան քաղաքի բնակիչը նշված 0.02 հա մակերեսով հողատարածքն ամսական 65.000 դրամ վարձավճարով հանձնել է ՓԲԸ-ի՝ ենթավարձակալության: Այս մասին հայտնում են ՔԿ-ի լրատվության ծառայությունից։
Նշված «արոտավայր» նշանակության հողատարածքում տեղադրվել են ալեհավաք կայաններ։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում ենթավարձակալի կողմից վարձակալին ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 5.440.000 ՀՀ դրամ, եւ Կոտայքի մարզի Կարենիս համայնք չի վճարվել ընդհանուր առմամբ 4.896.000 դրամ՝ համայնքի համար առաջացնելով ծանր հետեւանքներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կարենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննության ընթացքում Աբովյան քաղաքի բնակչի կողմից, որպես պատճառված վնասի փոխհատուցում, վերականգնվել է 1.000.000 ՀՀ դրամ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:




























