ՀՀ կառավարությունն առաջարկում է կանոնակարգել հակաբիոտիկների օգտագործումն անասնաբուծության ոլորտում, մասնավորապես` բացառել հակաբիոտիկների օգտագործումը` որպես կենսաբանորեն ակտիվ հավելանյութ: Այս մասին ապրիլի 30-ին տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:
Բացի այդ, փոխնախարարի խոսքով, առաջարկվում է անասնաբուծական սննդակարգից բացառել բուժական կերերի եւ սննդի օգտագործումը:
«Օրինագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների կողմից: Օրենսդրական այս նախաձեռնության ընդունման արդյունքում հակաբիոտիկների` որպես անասնաբուծության ոլորտում կերային հավելանյութի օգտագործումը խստորեն կկանոնակարգվի օրենսդրական մակարդակում»,- պարզաբանեց Գաբրիելյանը:
Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ խորհրդարանական հանձնաժողովի կողմից:



























