Հռոմի Լևոն XIV Պապը նախազգուշացրել է, որ մարդկության կողմից ստեղծվող «մեքենաների դրախտը» կարող է խաթարել հենց մարդկային էությունը։ Այս մասին քահանայապետը հայտարարել է Ֆրանսիա կատարած պետական այցի առաջին օրը՝ խոսելով արհեստական բանականության դարաշրջանում մարդկության ապագայի, միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի և կյանքին սպառնացող այլ վտանգների մասին, հայտնում է Associated Press-ը։

Լևոն XIV-ը նախ ելույթ է ունեցել Ելիսեյան պալատում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և երկրի ղեկավարազմի առջև, ապա Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ դիվանագետների ու կազմակերպության աշխատակիցների առջև։ Հռոմի Պապն անդրադարձել է գիտատեխնիկական առաջընթացին, մարդկային արժանապատվությանը, մարդու իրավունքներին և ժամանակակից տեխնոլոգիաների պարունակած սպառնալիքներին։

«Եթե չենք ուզում կորցնել մեր մարդկայնությունը մեր առօրյա ներխուժող ու այն կարգավորող «մեքենաների դրախտում», հրատապ անհրաժեշտություն է զարգացնել բարոյական պատշաճն ընկալելու և էթիկական սահմանները տարբերակելու կարողությունը», — հայտարարել է Սրբազան Քահանայապետը։

Լևոն XIV-ի խոսքով՝ ստեղծվել է մի հակասական իրավիճակ․ համակարգչային համակարգերին վերագրվում է «բանականություն», մինչդեռ մարդկանց հասարակությունն սկսել է գնահատել բացառապես արդյունավետության ու արտադրողականության տեսանկյունից։ Նա կոչ է արել թույլ չտալ, որ անբավարար արտադրողական համարվող մարդիկ հայտնվեն լուսանցքում կամ մերժվեն հասարակության կողմից։

Հռոմի Պապն արհեստական բանականության խնդիրը համարում է մեր ժամանակների գլխավոր մարտահրավերներից մեկը։ Նա ոլորտի մշակողներին ու կարգավորող պաշտոնյաներին հորդորել է չշտապել տեխնոլոգիաների զարգացման հարցում և առաջնահերթությունը տալ մարդու վրա դրանց ունեցած ազդեցությանը։

Առանձին անդրադարձում Լևոն XIV-ը կրկին արտահայտվել է միջուկային զենքի դեմ։ Նրա համոզմամբ՝ միջուկային զսպման հայեցակարգը սխալ է, քանի որ այն միայն խթանում է սպառազինությունների նոր մրցավազքը։

«Խաղաղությունը ուժերի հավասարակշռություն չէ, այն կերտվում է օրեցօր՝ երկխոսության և արդարության միջոցով», — ընդգծել է քահանայապետը։

Փարիզում Լևոն XIV-ը խոսել է նաև Ֆրանսիայի քրիստոնեական արմատների և կյանքի իրավունքի պաշտպանության անհրաժեշտության մասին՝ այն անվանելով մարդու մյուս բոլոր իրավունքների հիմքը։ 2024 թվականին Ֆրանսիան Սահմանադրությամբ ամրագրել էր հղիության արհեստական ընդհատման իրավունքը, իսկ վերջերս խորհրդարանը վերջնականապես հաստատել էր անբուժելի հիվանդ չափահասներին մահացու դեղամիջոցներ տրամադրելու օրինագիծը։ Կաթոլիկ եկեղեցին դեմ էր արտահայտվել այս որոշումներին։

Երեկոյան պապն առաջին անգամ պատարագ է մատուցել 2019 թվականի հրդեհից հետո վերականգնված Փարիզի Աստվածամոր տաճարում։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ տեսնելու պոնտիֆիկոսին։

Լևոն XIV-ի այցը կտևի չորս օր։ Սա Հռոմի Պապի առաջին պաշտոնական պետական այցն է երկիր վերջին 18 տարվա ընթացքում։ Ծրագրում ընդգրկված են նաև այցելություններ Լուրդ և Մեց քաղաքներ, որտեղ Սրբազան Քահանայապետը կմասնակցի Եվրոպայում խաղաղությանը նվիրված միջոցառումներին։