«Լաբիրինթ» գարեջրային ռեստորանների ցանցի ղեկավար Հրաչյա Ատոմյանն իր աշխատակիցների հասանելիք սոցիալական աջակցության գումարներից պահումներ է արել՝ գույքային վնասի փոխհատուցման համար, ինչին մի քանի աշխատակից դեմ են. այսօր ռեստորանային ցանցի ղեկավարը հրավիրվել է Ոստիկանության բաժին։ Այս մասին NEWS.am-ին պատմեց ռեստորանների ցանցի աշխատակիցներից մեկը։

«Սոցվճարն են պահել, բարի պակասորդի գումարն են պահել ու ջարդի գումարը։ Ես ունեցել եմ ջարդը, բայց ասել եմ՝ կգամ աշխատանքի ու կվճարեմ այդ գումարը, հիմա ինձ տվեք այդ գումարը, որ ես գոյատեւեմ, ծանր վիճակում եմ հայտնվել ես։ 68 հազարից ինձ հասել է 47 հազար դրամը։ Բոլորից էլ գումարները պահվել են։ Ռեստորանը չի էլ աշխատում հիմա, պիտի գնան ինձանից պահված այդ ջարդի գումարով ռեստորանի գույքն առնեի՞ն»,- պատմեց նա։

Աշխատակիցը պատմեց, որ փորձել են խնդրի կարգավորման համար քննարկում ունենալ ղեկավարի հետ. «Փորձել ենք տնօրենի հետ կապ հաստատել, նա մեզ ասաց՝ օբյեկտին պարտք եք, ու դրա համար է պահվում։ Ես էլ ասում եմ՝ եթե ես գնայի բանկից այդ գումարը վերցնեի, բնակաբանար, դուք չէիք գա իմ դուռը ծեծեիք ու ուզեիք փողը։ Մեզ ասաց՝ որտեղ կուզես դիմի, եթե պարտք ես, ապա պիտի տաս»։

NEWS.am-ը զրուցեց նաեւ «Լաբիրինթ» գարեջրային ռեստորանների ցանցի ղեկավար Հրաչյա Ատոմյանի հետ։ Նա չհերքեց՝ վերցրել է սոցիալական աջակցության գումարից որոշակի մաս, սակայն շեշտեց՝ դա եղել է աշխատակիցների կամքով.

«Ինձ հրավիրել էին Ոստիկանության բաժանմունք, քանի որ իմ աշխատակիցներից մի քանիսը գրել են դիմում առ այն, որ ես սոցիալական աջակցության այդ գումարից պահումներ եմ արել։ Ես աշխատակիցներից մի քանիսից վերցրել եմ գույքային վնասի փոխհատուցում՝ 7 հազար, 8 հազար եւ 21 հազար դրամ։ Ես խոսել եմ իրենց հետ եւ 3-ից 2-ը ընդունում են, որ այդ գույքային վնասը պատճառել են, միայն մեկը չի ընդունել, 2 աշխատակիցը, որոնք ընդունել են, որ կա գույքային վնաս, նեղված են այն բանի համար, որ ես արտակարգ դրության պայմաններում եմ պահումն արել։ Ես էլ հիմնարկի ղեկավար եմ, ունեմ ֆինանսական խնդիրներ. հարկային, կոմունալ խնդիրներ կան»։

Ատոմյանը պատմեց, որ աշխատակիցներից մեկի հետ եկել է ընդհանուր հայտարարի. «Երկուսի հետ ամեն կերպ փորձել եմ կապ հաստատել, սակայն չի ստացվել։ Ես կփորձեմ հարթել այս իրավիճակը»։