«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը հոկտեմբերի 2-ին ոստիկաններին խորհուրդ է տվել մոռանալ իր դեմ կատարված ավազակային հարձակման մասին՝ նշելով, թե համոզված է, որ հարձակումն այդպես էլ չի բացահայտվի:
Հեռուստամեկնաբանն այս հայտարարությունն արել է՝ անդրադառնալով ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի այն հայտարարությանը, թե իբր իր եւ ձերբակալված երկու երիտասարդների միջեւ առերեսում է եղել, իսկ մեկնաբանը չի ճանաչել իր վրա հարձակվողներին: Ավելին, ըստ Նվեր Մնացականյանի, նա երբեք որեւէ բաժին չի այցելել եւ չի հանդիպել ձերբակալվածներին:
Քաղաքի ոստիկանապետը նաեւ հայտարարել էր, թե գործարար Հրանտ Վարդանյանի եւ Նվեր Մնացականյանի միջեւ որեւէ խնդիր չի եղել: Ի պատասխան՝ Նվեր Մնացականյանը հայտարարել է, թե ինքն անձամբ կզբաղվի իր հետ կատարվածի քննությամբ, իսկ ոստիկանները թող մոռանան դրա մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 00.02-ին Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց 2 անհայտ անձինք ծեծի էին ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանին եւ դիմել փախուստի: Հեռուստալրագրողը վնասվածքներ էր ստացել գլխին, ձեռքին եւ ոտքին:
NEWS.am-ը դեռ հուլիսի 23-ին էր գրել, որ լրագրողի վրա հարձակումը բացահայտվել է, իսկ դրա հեղինակը ԱԺ պատգամավորներից մեկն է, որը, անձնական հաշիվներ ունենալով Մնացականյանի հետ, օգտվել է ստեղծված հարմար պահից, եւ իր մարդկանց ուղարկել՝ ծեծի ենթարկելու Մնացականյանին: Ոստիկանությունն այնուհետեւ հերքեց բացահայտման մասին լուրը:
Մեր հրապարակումից օրեր անց ոստիկանությունը ձերբակալել էր 2 հոգու՝ Էջմիածին քաղաքի բնակիչներ, 1987թ. ծնված Դավիթ Խաչատրյանին ու Վահե Թադեւոսյանին, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից չբացակայելու ստորագրությունը: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր ասուլիսներից մեկում հայտարարել էր, թե Հրանտ Վարդանյանի վարկածը հերքվել է: Օրեր անց, սակայն, երբ Նվեր Մնացականյանը ոստիկանապետին մեղադրել էր ստախոսության մեջ, երիտասարդների դեմ հարուցված գործը կարճվել էր:



























