Միլիոնավոր երեխաներ կարող են զրկվել պատվաստումներից COVID-19 պանդեմիայի հետեւանքով մատակարարման խափանումների պատճառով, նախազգուշացրել է Միավորված Ազգերի Կազկակերպությունը:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամում նշել են, որ տասնյակ երկրներ հայտնվել են կենսական նշանակություն ունեցող պատվաստանյութերի պակասի վտանգի առջեւ:
«UNICEF-ը կոչ է անում աջակցել պատվաստանյութերի մատակարարման մասշտաբային ուշացումները շտկելու հարցում, որոնք առաջացել են լոգիստիկայում աննախադեպ սահմանափակումների պատճառով՝ COVID-19 պանդեմիայի սահմանափակումներով, այդ թվում՝ որոշ երկրներում կարանտինով պայմանավորված»,-հայտարարել է հիմնադրամի մամուլի քարտուղար Մարիքսի Մերկադոն:
«UNICEF-ը դիմում է կառավարություններին, մասնավոր սեկտորին, օդային ինդուստրիային եւ այլոց, որպեսզի վերջիններս ազատեն եւ տրամադրեն բեռնափոխադրման համար նախատեսված տարածությունն ընդունելի գնով այդ փրկող պատվաստումների համար»,-նշել է նա:
Անցած տարի կազմակերպությունը նախազգուշացրել էր կարմրուկի բռնկման մասին կորոնավիրուսի տարածման պատճառով պատվաստման ծրագրերի հետաձգման հետեւանքով:
Անգամ նախքան պանդեմիան հիմնադրամը ներկայացրել էր տվյալներ, ըստ որոնց՝ ամեն տարի ավելի քան 20 մլն երեխա զրկվում է կարմրուկի դեմ պատվաստումից:





























