Հայաստանում աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանության հարցում պետական պատշաճ վերահսկողություն չկա։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Արթուր Նարինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում շատ աշխատողներ ծանոթ չեն իրենց աշխատանքային իրավունքներին և հաճախ, երբ խախտվում են նրանց իրավունքները, խուսափում են այդ մասին բարձրաձայնել։
Պատճառներից մեկն՝ ըստ նրա այն է, որ աշխատողների մեծ մասը նվազագույն կամ միջին աշխատավարձ ստացողներ են, որոնք սոցիալական կախվածության մեջ են գործատուից։
«Նման մարդիկ ունենալով սոցիալական խնդիրներ և գիտակցելով, որ իրենց եկամտի միակ աղբյուրը աշխատավարձն է, հաճախ վախենում են բարձրաձայնել խնդրի մասին, որոշ մասն էլ անգամ տեղյակ չէ իր աշխատանքային իրավունքներից և չգիտի, որ կարող է վերականգնել իր խախտված իրավունքները ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով»,–ասաց նա։
Իրավաբանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ Հայաստանում աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանության հարցում պետական պատշաճ վերահսկողություն չկա։
«Օրինակ՝ Պետական եկամուտների կոմիտեն, որը վերահսկում է ստվերային տնտեսությունը, ինչ–որ հիմնարկում կարող է հայտնաբերել չգրանցված աշխատողների և արդյունքում գործատուին տուգանի, մինչդեռ դրանից աշխատողը չի շահում։ Ներկայումս գործում է միայն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որը սակայն վերահսկողություն է իրականացնում միայն աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառներում, իսկ բուն՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության բնագավառում պետական վերահսկողություն չկա»,–ասաց նա և հավելեց.
«Երբ ոլորտի նկատմամբ պատշաճ պետական վերահսկողություն կլինի, այսինքն՝ աշխատողը վստահ կլինի, որ եթե բարձրաձայնի իր աշխատանքային իրավունքի խախտման մասին, հաջորդ պահին իրեն չեն ազատի աշխատանքից կամ չի հայտնվի գործատուի «սև ցուցակում», այդ ժամանակ էլ աշխատողը իրենց պաշտպանված կզգա։
Նշենք, որ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը միակն է Հայաստանում, որը անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ է մատուցում աշխատանքային իրավունքների պաշտպանության, սոցիալական նպաստների, կենսաթոշակների և այլ սոցիալական հարցերով։
Արթուր Նարինյանը տեղեկացրեց, որ գործունեության երկուսուկես տարվա ընթացքում գրասենյակը աշխատանքային իրավունքների խախտման հետ կապված 1000–ից ավելի դիմում է ստացել։
Նրա խոսքով՝ իրենց դիմում են մեծամասամբ աշխատանքային պայմանագրերի լուծման հետ կապված խնդիրներով, երբ գործատուն աշխատողին ազատում է օրենքի խախտմամբ, չի վճարում օրենքով նախատեսված վերջնահաշվարկը և այլն։
«Դիմումներ ենք ստանում չվճարված աշխատավարձերի, կենսաթոշակի իրավունքի խախտման, հարկադիր պարապուրդի և այլ խնդրիների հետ կապված։ Ներկայումս մեր գրասենյակի աջակցությամբ աշխատանքային վեճերի հետ կապված շուրջ 100 գործ է քննվում դատարաններում»,–ասաց Նարինյանը։
Իրավաբանի խոսքով, սակայն աշխատանքային վեճերի մեծ մասը ԱԻՊ գրասենյակի ջանքերով արտադատական կարգով է լուծվել՝ գործատուի և աշխատակցի միջև հաշտության կամ գործատուի կողմից զիջումների գնալու արդյունքում։
Նարինյանը տեղեկացրեց, որ ներկայումս ԱԻՊ գրասենյակը զբաղվում է Առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տասնյակից ավելի նախկին աշխատակիցների, տեքստիլ արդյունաբերության «Սասստեքս» ՍՊԸ-ի 23 նախկին աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդրով: Վերջերս էլ գրասենյակին են դիմել նաև «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, որոնք ՊՈԱԿ–ի և «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի հետ միավորման արդյունքում կորցրել են իրենց աշխատանքը։




























